February 24, 2024

ԲԴԽ պարզաբանումը՝ ««Նուռ» սուպերմարկետի սեփականատիրոջ կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու և ազատ արձակվելու» մասին

Բարձրագույն դատական խորհուրդը պարզաբանում է տարածել Էջմիածնում տեղի ունեցած վերջին դեպքերի վերաբերյալ՝ մանրամասնելով դատավորի առնչությունը գործին:

ԲԴԽ պնդմամբ՝ առկա տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

«Այսօր մամուլում հրապարակվել էր տեղեկություն այն մասին, թե «Էջմիածնում «Նուռ» սուպերմարկետի սեփականատերն իր 2 ընկերների հետ դաժան ծեծի են ենթարկել ոստիկանության կապիտանին, իսկ դատավոր Մեխակյանը խմբի պարագլխին և ևս մեկ անձի դատարանից ազատ է արձակել:

Հարկ ենք համարում պարզաբանել, որ նյութում առկա պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

Մասնավորապես՝ դատարանը նշված ամբաստանյալներից միայն մեկի՝ Կարեն Թևոսյանի գործով է որոշում կայացրել, այն էլ ոչ թե ազատ արձակման, այլ երկու ամսով կալանավորելու վերաբերյալ, քանի որ նիստը դռնփակ է քննվել, այլ մանրամասներ հաղորդել չենք կարող։

Ինչ վերաբերում է լրագրողի պնդմանը, թե դատավոր Մեխակյանը ազատ է արձակել խմբի պարագլխին՝ Խ. Հովհաննիսյանին, ապա դատավորի կազմից հայտնում են, որ նման միջնորդություն նշված անձի վերաբերյալ դատավոր Մեխակյանը առհասարակ չի քննել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔԿ-ում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել տուժողի և Էջմիածին քաղաքի 40-ամյա բնակիչ հանդիսացող անձի միջև։ Քիչ ուշ 40-ամյա տղամարդը երկու և ինքնությունը դեռևս չպարզված ևս մեկ անձի հետ միասին ձեռքերով, ոտքերով, նաև՝ մահակի գործադրմամբ, հարվածներ են հասցրել տուժողի մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ դեմքին՝ վերջինիս պատճառելով ծանր վնասվածներ։

Verified by MonsterInsights