February 25, 2024

Եվրոպան երես է տվել Բաքվին ու հիմա քաղում է իր ցանածի պտուղները

«Վերջին շրջանում Ադրբեջանն արտգործնախարարի և այլ պաշտոնյաների միջոցով հոխորտանքներ է հնչեցնում Եվրոպայի, այդ թվում՝ մասնավորաբար Ֆրանսիայի հասցեին։ Ադրբեջանը չի վարանում դատապարտել Բորելի և ԵՄ այլ պաշտոնյաների՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու վերաբերյալ հայտարարությունները։

«Փաստ» օրաթերթը գրում է. Միաժամանակ Բաքուն ազդարարում է, թե Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա: Իսկ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության գործունեությունը մեկ տարով կասեցնելուց հետո Ջեյհուն Բայրամովն արդեն ընդգծում է, որ «տարբեր հարթակներում իրենց երկրի դեմ համակարգային աշխատանքի հիմքում ընկած գլխավոր երկիրը Ֆրանսիան է»:

Բաքուն տարբեր հայտարարությունների միջոցով փորձում է նշել, որ Եվրոպան իրենց հետ չի կարող այնպես վարվել, ինչպես որ հիմա է վարվում՝ սպառնալով, թե կդադարեցնի Եվրոպայի հետ համագործակցությունը։ Փաստացի Ադրբեջանը հրապարակայնորեն հակադարձում է Եվրոպային ու «հաթաթա» տալիս: Եթե հաշվի առնենք ԵՄ-ի ու Ֆրանսիայի աշխարհաքաղաքական մեծ կշիռը, որի միջոցով իրենք կարողանում են տարբեր տարածաշրջաններում մեծ ներգործություն ունենալ, ապա կարող է զարմանալի թվալ, թե ինչպես է իրենից ոչինչ չներկայացնող Ադրբեջանը այս աստիճան լկտի պահվածք դրսևորում և սպառնում Բրյուսելին ու Փարիզին։

Ճիշտ է, Ադրբեջանն իր թիկունքում ունի Թուրքիայի աջակցությունը, և պաշտոնական Բաքվից հնչող հռետորաբանության տոնայնությունը նման է և ինչ-որ տեղ նաև գերազանցում է Անկարայից հնչող հայտարարություններին, բայց նույնիսկ այս հանգամանքը հազիվ թե հիմք լինի Ադրբեջանի այդքան սանձարձակ պահվածքի։

Իրականում Բաքվի լկտի պահվածքի առաջին պատճառն այն է, որ հենց Եվրոպան է դրա համար անհրաժեշտ ու բարենպաստ պայմաններ ստեղծել ու հիմա քաղում է իր ցանածի պտուղները: Եվրոպան լուռ էր, երբ 2020 թվականին Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ նախաձեռնեց Արցախի դեմ ու տարբեր հանցագործություններ իրագործեց խաղաղ բնակչության դեմ։ Նույն կերպ էլ եվրոպական համայնքը որևէ կոշտ քայլեր չձեռնարկեց այն ժամանակ, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի տարածք, իսկ Արցախի շրջափակումն ու հայաթափումը սահուն «մարսեց»։ Անդեմ հայտարարություններից ու կոչերից բացի եվրոպական երկրներն ու կառույցները ոչինչ չարեցին։ Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով: Ըստ էության, եվրոպական համայնքի կողմից ավելի շատ արժևորվեց ադրբեջանական գազն ու նավթը, քան իր կողմից հռչակված մարդու իրավունքների պաշտպանության արժեհամակարգը։ Ավելին, ԵՄ անդամ պետություններում գրկաբաց ընդունում են Ալիևին, հռչակում որպես վստահելի գործընկեր, ընդգծում, որ Ադրբեջանն իրենց մեծապես օգնում է ռուսական էներգակիրներից Եվրոպայի կախվածությունը նվազեցնելու տեսանկյունից։

Ահաբեկչության դեմ պայքարի հարցում կոշտ դիրքորոշում որդեգրող եվրոպական երկրները նույնիսկ չեն էլ հիշում, որ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի դեմ իրենց ագրեսիայի ընթացքում վարձկան ահաբեկիչների էին բերել Սիրիայից ու Լիբիայից։ Ու բացառված չէ, որ մի օր էլ արդեն Թուրքիան նման վարձկան ահաբեկիչների ներմուծի Եվրոպայի տարածքում անկայունություն հրահրելու համար։ Իսկ հիմա, երբ արդեն Ալիևն է երես դարձնում Եվրոպայից՝ հրաժարվելով ԵՄ միջնորդությամբ եռակողմ կամ այլ ֆորմատով հանդիպումներից, եվրոպական կառույցներն ու Ֆրանսիան հազիվ սկսել են տեղից շարժվել, այն էլ՝ առավելապես միայն կիսաքայլերի միջոցով։

Անընդհատ նշվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանման մասին, բայց այդպես էլ գործուն քայլեր չեն ձեռնարկվում, որոնք կոնկրետ տնտեսական ազդեցություն կունենան Ադրբեջանի վրա։ Եթե ժամանակին կոնկրետ գործողություններ ձեռնարկվեին, Ադրբեջանն այսքան լկտի ու սանձարձակ չէր դառնա: Իսկ երբ Եվրոպան անընդհատ փաղաքշում է, երես է տալիս Ադրբեջանին, ապա Բաքուն դրանից ավելի է ոգևորվում ու առիթավորվում։ Գուցե հիմա՞ եվրոպական պետությունները վերջապես հասկանան, թե ինչ հանցագործ երկրի հետ գործ ունեն, ու սկսեն առարկայական քայլերի դիմել»:

Verified by MonsterInsights