February 24, 2024

Ցիկլոնի հետևանքով ձյան առատ տեղումներ են եղել Հայաստանի ամբողջ տարածքում. որոշ վայրերում ծածկը 50-80 սմ է

Կիպրոսյան ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ հունվարի 22-27-ը հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ նշելով, որ ձյան ծածկի բարձրությունը հանրապետության մեծ մասում այդ ժամանակահատվածում աճել է 20-30սմ-ով, Արարատյան դաշտում և նախալեռնային հատվածում՝ 10-15սմ-ով, իսկ առանձին բարձր լեռնային շրջաններում՝ 50-80սմ-ով։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

Ըստ այդմ՝ Երևան քաղաքում հունվարի 30-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում հունվարի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, փետրվարի 4-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-4-ին աստիճանաբար կբարձրանա ցերեկը՝ 3-5, գիշերը՝ 8-10 աստիճանով։

Verified by MonsterInsights