February 25, 2024

Ադրբեջանից տարաբնույթ հայտարարություններ են հնչում, որոնք տեղիք են տալիս մտածելու՝ ագրեսիվ նպատակներ ունեն. Ռուբինյան

Դեռ 2020 թվականից առաջ, երբ Ադրբեջանը կրակում էր, հարձակվում էր, եվրոպական տարբեր կառույցներ միշտ հավասարության նշան էին դնում կողմերի միջև և դա բերեց այն ամենին, ինչն արեց Ադրբեջանը: Եվրոպական կառույցներն ադեկվատ չէին և գործիքակազմ չունեին: Հիմա, երբ հարձակման ու միջանցքի հարց են դնում, Եվրոպան նոր անցել է միանշանակ գնահատականների:

Չկա արդյո՞ք տպավորություն, որ եվրոպական կառույցները միշտ մեկ քայլ հետ են պատմությունից:

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ նշված ժամանակահատվածում, նաև 2020-ից մի փոքր հետո էլ ոչ միայն Եվրոպան, այլ միջազգային հանրությունն ամբողջության մեջ, բավարար, հստակ չէին դատափետում Ադրբեջանին իր ապօրինի գործողությունների համար:

«Դրա համար մի քանի պատճառ կա: Առաջինն իմ կարծիքով այն է, որ մեր միջազգային գործընկերները չէին պատկերացնում Ադրբեջանի ագրեսիվության և ընդհանրապես, միջազգային կարգի վրա թքած ունենալու մասշտաբները, և ցավոք, պետք է տեղի ունենար այն, ինչ տեղի ունեցավ, որպեսզի նրանցից շատերի աչքերը բացվեն:

Բայց մյուս կողմից, կա ևս մեկ կոմպոնենտ: Մինչ 2020-ը կար մի էական տարբերություն: Այն ժամանակ ԼՂ հակամարտությունը չեզոք կողմերի կողմից դիտվում էր որպես հետխորհրդային հակամարտություն, որն ունի բարդ պատմություն, պարզ չէ, ով է ճիշտ, ով՝ սխալ: Ես սա ասում եմ միջազգային գործընկերների ընկալումը, բնականաբար մենք այլ ընկալումներ ենք ունեցել:

Ի տարբերություն այդ իրավիճակի, հիմա կան հստակ բաժանարար գծեր: Կա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք, որը ճանաչված է բոլորի կողմից, կա ՀՀ, որն առաջ է մղում խաղաղության օրակարգը, և կա Ադրբեջանը, որը մինչ այս պահը իր քայլերով ցույց չի տվել իր հավատարմությունն այդ խաղաղության օրակարգին:

Ադրբեջանից պարբերաբար տարաբնույթ հայտարարություններ են հնչում, որոք մեզ տեղիք են տալիս, և ոչ միայն մեզ, այլև միջազգային հանրության ներկայացուցիչներին, որ իրենք ագրեսիվ նպատակներ ունեն:

Եվ սա է նաև 2-րդ պատճառը, թե ինչու է արձագանքը միջազգային կազմակերպություններից և գործընկերներից, այդ թվում, եվրոպական, դարձել ավելի հասցեական»,- ասաց Ռուբինյանը:

Ո՞վ է ասել, որ մենք ուզում ենք փոխել հիմնը և զինանշանը։ Ես չեմ ուզում փոխել հիմնը և զինանշանը։

«Հայոց պատմության առարկայի վերանվանումը, ես կարծում եմ այն փաստը, որ դա ընդդիմության քննարկման հիմնական թեմաներից է, խոսում է ընդդիմության քաղաքական ասելիքի բացակայության մասին, որովհետև, կարո՞ղ եք ինձ բացատրել Հայաստան բառի մեջ որևէ խնդիր կա, Հայաստանը մեր պետությունն է չէ՞, մեր հայրենիքն է։

Ընդ որում Հայաստանը և ներկայիս հայրենիքն է և ընդհանրապես պատմության մեջ էլ միշտ Հայաստանը եղել է մեր հայրենիքը։

Ի՞նչ խնդիր կա, որ առարկան կոչվի «Հայաստանի պատմություն»։ Արդյոք հայ ժողովրդի ամբողջ պատմությունը պատմություն չէ մի ժողովրդի մասին, որը անընդհատ փորձում է ստեղծել պետականություն, անկախանալ և պահել իր անկախությունը։ Այսինքն, ստեղծել պետություն և պահել այդ պետությունը»,- ասաց Ռուբինյանը։

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև Արագածի շուջ ծավալվող մեկնաբանություններին՝ նշելով, որ փաստ է՝ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը Արագած լեռն է։

«Դա չի նշանակում, որ Արարատ լեռը մեզ համար սիմվոլիզմ չունի, ընդ որում սիմվոլիզմ ունի և կրոնական տեսանկյունից և ավանդական տեսանկյունից»,- ասաց Ռուբինյանը ընդգծելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, խմբակցությունը և կառավարությունը մինչ այս պահը հիմնը, զինանշանը փոխելու որոշում չունեն։

Verified by MonsterInsights