February 25, 2024

Արևմուտքի և մեր շահերի համընկնման պատմական ժամանակաշրջան է. Վահան Վարդապետյան

Երկար ժամանակ Ադրբեջանին հաջողվում էր մանևրել արևմտյան և ռուսական ուղղությունների միջև։ Այսօր վերջապես ու վերջնականապես «ջրերը պարզվեցին», կողմերի միջև մանևրելը դարձավ անհնար։

Ալիևը ընտրեց իր համար չարյաց փոքրագույնը՝ տեղավորվել հոգեհարազատ ռուսական նավում։ Արևմտյան բանակցային հարթակները Ալիևի համար դարձել էին դժոխային։ Միևնույն ժամանակ ՀՀ-ի վրա ռուսական կողմի ճնշումների, լայնածավալ հիբրիդային պատերազմի, Ադրբեջանի շահերն առաջ տանելու, էթնիկ զտման և Արցախի հայաթափման մեջ Ադրբեջանի դերը քողարկելու և հայկական կողմին մեղադրելու ռուսական քայլերն ու գործողությունները դարձել են առավել անթաքույց և սպառնալից։

Իր համար սա լավագույն ընտրությունը չէր, քանի որ մեկուսացման ու պատժամիջոցների կիրառման լուրջ վտանգներով, քաղաքական ու տնտեսական ցնցումներով փակուղային ճանապարհ է ընտրվել։ Իշխանության պահպանման և ժառանգաբար փոխանցման միակ ու պարտադրված, ես կասեի՝ ճարահատյալ ընտրություն էր սա։

Ժամանակի գործոնը կարծես չի կարևորվում հայկական կողմի համար. այլևս առաջ ու հետ անելու, հստակ դիրքորոշումներից խուսափելու, ռուսական կողմի զայրույթը մեղմելու և երբեմն-երբեմն սիրաշահելու ջանքերը վտանգավոր ու անիմաստ են, այսօր կոմպլեմենտար քաղաքականության վարումը գոյութենական վտանգ է մեզ համար:

Կարճ ժամանակ է մնացել նաև մեզ, այսօր շտապել է պետք ըստ էության՝ դասագրքի վերնագրեր քննարկելու, նոր սահմանադրության ընդունման, զգայական ու վտանգավոր քննարկումների, հիմնի ու զինանշանի փոփոխության (որքան էլ որ թվարկած հարցերը մեկը մյուսից կարևոր են), առավել ևս հինգերորդ շարասյան անպատիժ նախկինների, անդաստիարակ պատգամավորների հետ նվաստացուցիչ ու անիմաստ խոսակցությունների ժամանակը չէ: Ի սեր Աստծո, գնահատենք ժամանակի կարևորությունը և անցնենք գոյութենական, կենսական հարցերի լուծման:

Չուշացնենք հստակ ու գործնական քայլերը դեպի ժողովրդավարական և քաղաքակիրթ աշխարհ, ինչով ավելի կնպաստենք մեր շուրջ արևմտյան կոնսոլիդացիային, Ադրբեջանի դեմ սանկցիաների կիրառմանը, սուլթանական Ադրբեջանի անատոմիայի բացահայտմանը:

Այսօր, բարեբախտաբար, Արևմուտքի և մեր շահերի համընկնման պատմական ժամանակաշրջան է, իսկ քաղաքակրթական և մշակութային մեր հոգեհարազատությունը՝ Արևմուտքի հետ ինտեգրվելու խթանող գործոն:

Ուղղակի անհասկանալի է՝ ինչու ավելի հզոր արևմտյան գործոնի դերը, մեր պետականության և ինքնիշխանության պահպանումն ապահովող միակ շահագրգիռ կողմը անտեսելով, մեր գիտակցության, կողմնորոշումների, հակումների ընտրությունը կայացնել ռուսական և թուրքական կողմերի ու գործոնների միջև:

Արևմուտքը չի հրաժարվելու ժողովրդավարության և քաղաքակրթության իր սահմանը համարվող Հայաստանից, մանավանդ Վրաստանի անդամակցության պարագայում:

Ուստի որքան ձգձգենք դեպի արևմուտք ուղղված քայլերը, մնանք մեզ համար կործանարար կառույցներում, եթե բացահայտ չանցնենք վեկտորի փոփոխության (այլևս քողարկված քայլերն ու ձևակերպումները բավարար չեն), ապա վեկտորը կփոխի մեզանում ամեն ինչ:

Թեև Ալիևը արտահերթ ընտրությունների է գնում ժամանակ շահելու, արևմտյան բանակցային հարթակներից խուսափելու, իր վրա արևմտյան ճնշումները թուլացնելու, և ամենակարևորը, իբրև թե իր լեգիտիմությունը բարձրացնելու նպատակով, մինչդեռ ակնհայտորեն ստացվում է ճիշտ հակառակը:

Բաքուն հակադրվում է Ֆրանսիային, Գերմանիային, այսօր արդեն՝ Նիդերլանդներին, օր օրի համալրվում է Բաքվի թշնամական պետությունների շարքը: ԱՄՆ սենատորները պահանջեցին քվեարկել Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու օգտին, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտարարեց. «Հայաստանի թշնամիները նաև Ֆրանսիայի թշնամիներն են», դադարեցվեցին Ադրբեջանի լիազորությունները ԵԽԽՎ-ում, հայտարարվեց դուրս բերվել Հայաստանի տարածքից Ադրբեջանի և նրա դաշնակիցների զորքը: Որքան կուժգնանա այս գործընթացը և ինչպիսի հայաստանանպաստ շարունակություն կունենա, եթե դրան հետևեր ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը:

Սա է ռուս-թուրք-ադրբեջանական կործանարար դաշինքից հնարավորինս հեռու մնալու հնարավորությունը:

Մենք մեր արժեհամակարգով, աշխարհընկալմամբ պետք է մեզ դրսևորենք որպես քաղաքակրթության ակունքներում կանգնած ազգի ներկայացուցիչներ, ինքներս մեզ ընկալենք որպես եվրոպայի սահման մեր հարևան Վրաստանի հետ, քաղաքակրթության և ժողովրդավարության արժեքներ կրող ազգերի ու պետությունների արժանապատիվ գործընկեր։

Սա է ոչ միայն գոյապահպանման, այլև ազգային նպատակների ու երազանքների իրականացման այլընտրանք չունեցող ուղին, այլ ճանապարհ և ընտրություն գոյություն չունի։ Բթանալ, կուրանալ, արժանապատվությունը կորցնել, այլ քննարկում ու ընտրություն կատարել՝ անթույլատրելի է։

Չտեսնել կամ անտեսել միակ ճանապարհը՝ մեզ արդեն իսկ անկանխատեսելի կործանումից փրկած, ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից միջանցքային նկրտումների և Սյունիքի գրավման գործընթացը կանխած, մեզ սպառազինող և միջազգային ատյաններում մեր դիվանագիտական շահերը աջակցող Արևմտյան աշխարհը և քննարկումներ ծավալել ու հոգեբանորեն ահաբեկել, թե ռուսական գուբերնիայի այլընտրանքը թուրքական վիլայեթն է, այն դեպքում, երբ դրանք մեր պարագայում տարբեր ուղղություններ չեն, մեկ կողմ, մեկ դաշինք են՝ հակահայկական, հակաարևմտյան։ Անկախ պետականության և ինքնիշխանության պահպանման միակ շահագրգիռ ուղղությունը համագործակցությունն է Արևմուտքի, քաղաքակրթական արժեքներ կրող արևելյան գործընկերների հետ։

Տարածաշրջանային ձևաչափերին մեր մասնակցությունը, ռուս-թուրք-ադրբեջանական թշնամական դաշինքի կողմից մեկ նպատակ ունի՝ կանխել մեր իսկ մասնակցությամբ Արևմտյան գործոնի մուտքը մեր տարածաշրջան, ուստի մենք մեր մասնակցությամբ չպետք է վտանգենք մեր պետականության գոյությունը։

Վստահաբար կարող եմ ասել, որ մեր հասարակության մի ստվար հատված ավելի հասուն ու գիտակից է, հեռատես ու հաստատակամ, քան՝ իշխանությունը, առավել ևս՝ թյուրիմացաբար ընդդիմություն կոչվող 5-րդ շարասյունը։

Հասարակության նշված հատվածն է, որ քանիցս կանխեց ներքին խառնաշփոթի, ցնցումների և հեղաշրջման զարգացումը, աջակցեց ու ամրապնդեց լեգիտիմ ընտրված իշխանությանը։

Այդ հատվածին հիասթափեցնել և զրկվել նրա պետականամետ աջակցությունից, կնշանակի բարոյապես հյուծել ու մաշել իշխանության համակարգը, ինչպես որ բարոյապես այսօր ոչնչացված է ռևանշիստական 5-րդ շարասյուն-ընդդիմությունը։

Պետության և հասարակության զարգացման ու առաջընթացի շարժիչ ուժը որակյալ, գաղափարական ընդդիմության առկայությունն է։ Ուստի շատ ավելի կարևոր է իրական ընդդիմության ընտրությունը։ Մինչդեռ ԱԺ-ում մեր ունեցածին ընդդիմություն կոչելը մեղք է, ռևանշիստական, ծայրագավառային հոգեբանությամբ խմբերի առկայությունն իբրև ընդդիմություն, վարկաբեկում, փչացնում է ընդդիմության գաղափարն իսկ, գաղափարական պայքար հասկացությունն ամբողջապես և ամենավտանգավորը, փչացնում ու որակազրկում է իշխանությանը։

Ուժեղ և գաղափարական իշխանությունն է միայն շահագրգիռ ունենալ որակյալ ու գաղափարական ընդդիմություն։

Ամենավտանգավորը իշխանության կաբինետներում ամրապնդված 5-րդ շարասյունն է։

Ամեն ասպարեզում ու ոլորտում, կառավարության, նախարարությունների և իրավապահ համակարգի ներսում առկա է խրթին և դժվար լուծելի առճակատում՝ անկախ պետականության կողմնակից արժանապատիվ քաղաքացի-պաշտոնյաների և ռսաստրուկ տարրի, 5-րդ շարասյան շարքերի միջև, կոմպետենտության և ոչ կոմպետենտության, արհեստավարժության և ոչ արհեստավարժության միջև։

Խաղաղության հասնելու համար ոչ թե պետք է լռել և խուսափել Արցախում իրականացված էթնիկ զտման և հայրենազրկման, միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման և արցախահայերի վերադարձի շուրջ, դասագրքերի անվանումներ փոխել և Սահմանադրության ձևակերպումները թշնամիների ցանկություններին ու պահանջներին համապատասխանեցնել, դրանով մենք ամենամեծ և անվերադարձ վնասն ենք հասցնում մեր արժանապատվությանը, երազանք-հիշողություն-ինքնություն շրջանակներին, ինչը անկառավարելի հիասթափության ու ընդվզման ալիք կարող է ժայթքեցնել։

Եկեք, ի սեր Աստծո, պատմության դասագրքերի վերնագրերն էլ թողնենք, Սահմանադրության փոփոխություններն էլ, էլի շատ ու շատ խնդիրներ, իսկ եթե համաժողովրդական հանրաքվե անցկացնելու լինենք, ապա միայն ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցով, քվեարկության արդյունքները ուժ կտան իշխանությանը՝ ավելի ինքնավստահ գործել և հրաժեշտ տալ մեզ համար սպառնալիքի վերածված ՀԱՊԿ-ին ու նմանատիպ կառույցներին։

Արևմուտքի կողմից ավելի հաճախ է քննարկման առարկա դարձել Արցախի ժողովրդի վերադարձը սեփական հայրենիք, սա վերածվելու է Ադրբեջանի վրա ազդելու հզոր գործիքի:

Այս ամենին պետք է անշեղորեն և հետևողականորեն նպաստենք մեր հաշվարկած գործողություններով, Եվրոպական կառույցների հետ մերձեցմամբ և ինտեգրմամբ, ռազմաքաղաքական դաշինքների ձևավորմամբ (Ֆրանսիայի, Հունաստանի հետ և այլն), կտրուկ մերժելով ռուսական բանակցային հարթակը, անպատասխան չթողնելով լավրով-զախարովաների թույն-բարբաջանքները, որևէ պաշտոնական և ոչ պաշտոնական տեսակետ անարձագանք չթողնելով, և ամենակարևորը, քայլեր-քայլեր-քայլեր՝ դուրս բերել ռուսական հատուկ ծառայողներին ու զինվորականներին Սյունիքից՝ հայ-իրանական սահմանը շուտափույթ վտանգազերծելու նպատակով, դուրս բերել Օդանավակայանից անկախ պետականության և ինքնիշխանության նվաստացուցիչ գործոն և ամենավարկաբեկիչ ու խայտառակ երևույթ հանդիսացող ռուս սահմանապահ-գործակալներին:

Վահան Վարդապետյան; Բժիշկ, հասարակական գործիչ

Verified by MonsterInsights