February 25, 2024

Բաքու այցիս ժամանակ կհարցնեմ, բայց երբեք չպետք է հանձնվել և պետք է դրդել Ադրբեջանին այդ խոսակցություններին. Ադամովա

Ի՞նչ գործիքակազմ պետք է կիրառի միջազգային հանրությունը, որպեսզի Ադրբեջանին վերադարձնի բանակցային սեղանի շուրջ․ այս հարցին այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձավ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան:

Նրա խոսքով՝ երբեք չպետք է հանձնվել և պետք է դրդել Ադրբեջանին այդ խոսակցություններին. «Սա շատ կարևոր է: Իմ այցի ժամանակ Բաքու ես անպայման այս հարցերը կբարձրացնեմ, թե ինչու իրենք չեն ցանկանում լուծումներ գտնել, որոնք կհարգվեն նաև Հայաստանի ներկայացուցիչների կողմից: Սա այն է, ինչ մենք պետք է անենք: Մենք, իհարկե, կօգտագործենք մեր բոլոր հնարավորությունները, որպեսզի այսպիսի ճնշում կարողանանք գործադրել Ադրբեջանի բոլոր ներկայացուցիչների վրա, որ շարունակեն մասնակցել բանակցություններին»:

«Չեխիայի Հանրապետությունը ԵՄ անդամ է և այլ մարմինների անդամ, որոնք աջակցում են: Վստահ եմ, որ սա պետք է լինի համատեղ ջանք, որովհետև այս դեպքում մենք պետք է համագործակցենք այս մակարդակներում»:

Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան՝ անդրադառնալով հարցին, թե ՀՀ տարածքներն օկուպացնելու համար Չեխիայի կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվե՞ն և ՀՀ-ին անվտանգության կոնկրետ երաշխիքներ կտրվե՞ն:

«Սա շատ կարևոր է մեզ համար՝ հետևել ԵՄ անդամ պետությունների համատեղ դիրքորոշմանը կամ, օրինակ, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների: Շատ կարևոր է ընդգծել, որ մենք ոչ միայն օգտագործում ենք պատժամիջոցը որպես մեր երկրի կամ մեկ երկրի գործիք, այլև այս հաստատությունների, ինստիտուտների շրջանակներում»,- ասաց Ադամովան:

Չեխիայի Հանրապետությունը աջակցում է Հայաստանին՝ դեպի Եվրոպա միտված ճանապարհին. «Մենք աջակցել ենք Հայաստանին այս ուղղությամբ, ներառյալ Արևելյան գործընկերության շրջանակներում, որը նաև Եվրոպայի խորհրդում մեր նախագահության շնորհիվ հյուրընկալվել էր Չեխիայում: Մենք նաև համագործակցում ենք երկկողմ մակարդակում. մեր երկու խորհրդարանները կարող են շատ տարբեր ոլորտներում համագործակցել, մեր հանձնաժողովներն այցելում են Հայաստան, և նույնը վերաբերում է հայաստանյան հանձնաժողովների այցերին Պրահա»,- ասաց նա:

Ըստ նրա՝ այժմ աշխատանք է գնում փոխադարձ տնտեսական հարաբերությունների հետ կապված, և իր պատվիրակության մի մասը ձեռներեցներ են, նաև ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ․ «Իմ պատվիրակության անդամներից մեկն էլ ներկայացնում է մեր առևտրի նախարարությունը, որը նշանակում է, որ դեռևս հնարավորություն կա բարելավել մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները, և մենք այդ կապակցությամբ աշխատում ենք»։

Ադամովան նկատեց՝ երկու երկրների համագործակցությունը ներառում է նաև մշակութային և կրթական կապեր. «Այդ կապակցությամբ ես ուրախ եմ, որ ցուցասրահ եմ բացելու թանգարանում, որը կներկայացնի մեր մշակութային ժառանգությունը, հուսով եմ, որ դա լավ հնարավորություն կլինի՝ հրավիրել հայ զբոսաշրջիկներին մեր գեղեցիկ երկիր. միշտ դռները բաց են»։

Verified by MonsterInsights