February 25, 2024

Անի Իսպիրյանն անբասիր անձնավորություն է, նա հիմա տանն է․ Վահան Քերոբյան

Անի Իսպիրյանը՝ որպես անձնավորություն, անբասիր անձնավորություն է:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ մեկնաբանելով նախօրեին համացանցն ու լրատվամիջոցները հեղեղած աղմկահարույց ձերբակալությունները:

«Անի Իսպիրյանը Ռուսաստանից վերադարձել է Հայաստան 2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ։ Իմ կարծիքով՝ շատ հայանվեր քայլ է դա և ես կարող եմ ասել, որ վերջին 3 տարվա իմ համատեղ աշխատանքի հետ, միայն ամրապնդել է իմ վերաբերմունքը իր նկատմամբ։

Ավելի քան վստահ եմ, որ ինքը որպես անձնավորություն անբասիր անձնավորություն է։ Նա հիմա տանն է։

Նախ ասեմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեր ամենօրյա աշխատանքն է, ես ունեմ աննկուն հավատարմություն այդ գործընթացի նկատմամբ։ Կոռուպցիան քաղցկեղ է, որը քայքայում է մեր հասարակությունը, մեր տնտեսական աճը և մեր պարտքն է այն արմատախիլ անել։

Ես գտնում եմ, որ Անի Իսպիրյանի դեմ մեղադրանքները կարող են կասկածներ առաջացնել հանրության մեջ, բայց պետք չէ շտապ եզրակացություններ անել։

2021 թվականին Էկոնոմիկայի նախարարությունից նույն կերպ ձերբակալեցին այն ժամանակ Լիցենզավորման վարչության պետին, բայց արդեն 3 տարի է անցել, դեռևս չունենք մեղադրական ակտ։ Եկեք, սպասենք թե ուր են տանում իրադարձությունները։

Դետալները չգիտեմ, բայց ես լիարժեք տեղյակ եմ եղել»,- ասել է նա։

Երեկ հայտնի դարձավ, որ ուժային կառույցները՝ Հայաստանի քննչական կոմիտեն և Ազգային անվտանգության ծառայությունը, համատեղ խուզարկություններ են կատարել Էկոնոմիկայի նախարարությունում և բազմաթիվ անձանց հասցեներում, ձերբակալվել է էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Անի Իսպիրյանը, որի պաշտոնից ազատման մասին հայտնի դարձավ երեկ առավոտյան:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հանդես եկավ պարզաբանմամբ՝ կատարվածի առնչությամբ ներկայացնելով մանրամասներ:

Verified by MonsterInsights