February 25, 2024

Դեռ 2023 թ.-ին էկոնոմիկայի նախարարության ինտենսիվ այգիների ծրագրերի մասով կա հարուցված քրեական վարույթ․ փոխնախարար

Դեռ 2023 թվականին էկոնոմիկայի նախարարության ինտենսիվ այգիների ծրագրերի մասով կա հարուցված քրեական վարույթ։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ մանրամասներ չհայտնելով նախարարության կոռուպցիոն չարաշահումների գործի վերաբերյալ։

Փոխնախարարի խոսքով՝ իրենք նկատել են, որ ինտենսիվ այգիների ծրագրերի հետ կապված որոշ մարդիկ կեղծում են փաստաթղթերը և նախարարություն են ներկայացնում ուռճացված ծախսեր։

«Մենք բարձրաձայնել ենք, որ շահառուները կեղծել են փաստաթղթերը, դա իրավապահների գործն է։ Կարծում ենք, որ իրավապահները պատշաճ կերպով ուսումնասիրությունները կներկայացնեն»,- հավելեց փոխնախարարը։

Արման Խոջոյանի աշխատասենյակում խուզարկություն չի իրականացվել: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց նա՝ խոսելով նախարարությունում օրեր առաջ իրականացված քննչական գործողություններից։

Նրա խոսքով՝ իրավապահ մարմինների կատարած խուզարկությունը նախարարությունում տևել է երկու ժամ։ «Ես չեմ հարցաքննվել։ Մանրամասներից տեղյակ չեմ»,- ասաց փոխնախարարը:

Verified by MonsterInsights