February 25, 2024

Ինչպիսի եղանակ կլինի փետրվարին. Գագիկ Սուրենյան

Մինչև փետրվարի 4-ը հանրապետությունում հիմնականում կպահպանվի առանց տեղումների եղանակը:

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Փետրվարի 5-ին՝ առանձին լեռնային շրջաններում, փետրվարի 5-ի՝ լույս 6-ի գիշերը շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով, իսկ լեռնային շրջաններում՝ ձյան: Փետրվարի 6-ի կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն և 7-ից հետո կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ»,- մանրամասնեց Սուրենյանը:

Նրա խոսքով՝ փետրվարի 4-ից սկսած՝ մեր երկիր հարավ-արևմուտքից սկսում են ներթափանցել բավականին տաք օդային հոսանքներ. «Փետրվարի 4-6-ն ընկած ժամանակահատվածում և՛ գիշերային ժամերին, և՛ ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 10-12 աստիճանով: Արդեն փետրվարի 7-ի ցերեկը Արարատյան դաշտում կարձանագրենք մինչև + 12, +13 աստիճան տաքություն, Երևանում՝ մինչև +10 +12 աստիճան տաքություն, իսկ Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի +16 +18 աստիճանի, առանձին հատվածներում՝ մինչև 20 աստիճանի»:

Ըստ Սուրենյանի՝ փետրվարի 5-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 7-ից սկսած՝ քամիները աստիճանաբար կդադարեն:

Անդրադառնալով ամբողջ փետրվարի եղանակային կանխատեսումներին՝ Սուրենյանը նշեց, որ սպասվում է նորմայից մոտ 3-4 աստիճանով բարձր օդի ամսական միջին ջերմաստիճան հանրապետության ողջ տարածքում:

«Տեղումների քանակը կլինի նորմային մոտ, այսինքն՝ մեզ սպասվում է բավականին տաք և բավարար տեղումներով փետրվար: Առանձին օրերին օդի առավելագույն ջերմաստիճանը ցերեկային ժամերին հանրապետության լեռնային շրջաններում կհասնի մինչև +6 +10-ը աստիճանի, Արարատյան դաշտում՝ մինչև +15, +17 աստիճանի, Երևանում՝ մինչև +14, +16 աստիճանի»:

Verified by MonsterInsights