February 25, 2024

ՔՊ-ական կին պատգամավորները որոշել են քրեականացնել կուսության ստուգում պարտադրելը

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց ՔՊ-ական մի խումբ կանանց հեղինակած աղմկահարույց նախագծին, եւ այն առաջիկայում կքննարկվի լիագումար նիստում ու, ըստ ամենայնի, օրենքի ուժ կստանա։

Հրապարակ թերթը գրել է․ Խոսքն իշխող խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի եւ Ծովինար Վարդանյանի՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխությունների նախագծին է վերաբերում։ Կանայք առաջարկում են ներմուծել «զուգընկեր» հասկացությունը, որով քողարկված պաշտպանության տակ են առնում նույնասեռականներին։ «Գործող կարգավորումներով օրենքը տարանջատում է համատեղ բնակվող ընտանիքի անդամներին համատեղ չբնակվող անդամներից, ինչը պրակտիկայում խնդիրներ է առաջացնում անձի՝ պաշտպանական միջոցների դիմելու եւ ստանալու համար: Նկատի ունենալով Հայաստանում ընտանեկան հարաբերությունների համակարգը, ակնհայտ է, որ համատեղ չբնակվելու հանգամանքը միշտ չէ, որ կանխարգելող բնույթ է կրում բռնության համար: Ուստի օրենքը պետք է տարածվի ընտանիքի անդամների վրա՝ անկախ համատեղ բնակության հանգամանքից, ինչպես նաեւ կարգավորումներ ունենա զուգընկերների եւ նախկին զուգընկերների համար»,- գրել են իշխանական կանայք։

Կանայք առաջարկում են նաեւ բռնարարքների շարքում դասել «կուսության ստուգում» նախաձեռնողներին. «2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. Սեռական բռնություն՝ անձի կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ, այդ թվում՝ անձի սեռական օրգաններին եւ մարմնի մասերին անցանկալի հպումները, անձին երրորդ անձի հետ սեռական բնույթի գործողություններում ներգրավելը, կուսության ստուգումը, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով՝ սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, ով նիստին մասնակցող միակ ընդդիմադիրն էր, նիստի կեսից նեղացավ ՔՊ-ականների ռեպլիկներից ու հեռացավ: Իսկ մինչ այդ Զարուհի Բաթոյանից փորձեց ճշտել, թե որքանով են հավաստի մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ ներկայացված նախագիծը սեռական փոքրամասնությունների կամ ԼԳԲՏ համայնքի մասին է։ «Տիկին Բաթոյան, այս նախագիծը մշակելիս արդյոք հանդիպե՞լ եք սեռական փոքրամասնության ներկայացուցիչների հետ եւ նրանց հետ քննարկել այս նախագիծը»,- հարցրեց Արեգնազ Մանուկյանը։

Զարուհի Բաթոյանը լղոզված պատասխան տվեց, թե հանդիպել է իրավապաշտպան կազմակերպություններին, սակայն որեւէ մեկից չի հարցրել՝ «սեռական փոքրամասնության խմբերի՞ն է պատկանում, թե՞ ոչ»: «Օրենքը եւ օրենքի նախագիծը չի վերաբերում ո՛չ ընտանիքի կարգավորումներին, ո՛չ ավանդական սահմանումներին, օրենքը եւ օրենքի նախագիծը վերաբերում են բռնությանը»,- ասաց Բաթոյանը՝ մոռանալով, որ իրենք խմբագրումներ են առաջարկել «ընտանեկան» բռնության մասին օրենքում։ Ընդդիմադիր պատգամավորը կրկին հարցրեց՝ այսինքն, փոփոխությունների նախագիծը չի՞ առնչվում ԼԳԲՏ համայնքին, Բաթոյանը կրկին խուսանավեց․ «Օրենքն առնչվում է ընտանեկան բռնության կանխարգելմանը, բռնության ենթարկված անձանց պաշտպանությանը եւ բռնություն կիրառողների պատժին»։

Հարցին բուռն արձագանքեց խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ ասելով, թե ՀՀ բոլոր քաղաքացիներն ունեն օրենքով պաշտպանված լինելու իրավունք, եւ հորդորեց քաղաքացիներին չշեղել «պետական մտածողությունից»։ Բայց հաջորդիվ ՔՊ-ական կանայք իրենց ելույթներով եւ պատասխաններով, ըստ էության, բացահայտեցին, թե որն է պետական մտածողությունը՝ չթաքցնելով, որ իրենց փոփոխությունների հասցեատերը կարող են դառնալ նաեւ սեռական փոքրամասնության ներկայացուցիչները, առհասարակ՝ «զուգընկերները»։ Իսկ Զարուհի Բաթոյանը հաստատեց «Հրապարակ»-ի այն տեղեկությունը, որ օրենսդրական այս նախաձեռնության մշակման աշխատանքների շրջանակներում հանդիպումներ են ունեցել նաեւ ԼԳԲՏ համայնքի շահերը պաշտպանող իրավապահ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, մասնավորապես, «Փինկ Արմենիա» կազմակերպության գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանի հետ, ում այցը խորհրդարան մենք շաբաթներ առաջ էինք ֆիքսել։

ՔՊ-ական պատգամավորից նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք այս փոփոխությամբ չե՞ն ձեւախեղում «ընտանիք» հասկացությունը, ի վերջո, Սահմանադրությամբ ամրագրված է, թե ինչ է ընտանիքը, այն հասարակության վերարտադրման հիմքն է. «Ընտանիքը, որպես հասարակության բնական եւ հիմնական բջիջ, բնակչության պահպանման եւ վերարտադրման հիմք, ինչպես նաեւ մայրությունը եւ մանկությունը պետության հատուկ պաշտպանության եւ հովանավորության ներքո են»: Ընտանեկան օրենսգիրքն էլ կոնկրետացնում է, որ ամուսնու եւ կնոջ միջոցով են ընտանիքները ձեւավորվում, մինչդեռ իրենք «զուգընկեր» հասկացությունն են ներմուծում։ Բաթոյանն օտար տերմիններով փորձեց լղոզել թեման, վերջում էլ ցնցող բացահայտում արեց, թե ընտանիքի մասին մենք սահմանում չունենք․ «Իսկ այդ անհրաժեշտությունը պայմանավորված է Քրեական օրենսգրքի փոփոխության եւ միջազգային ստանդարտներին հարմարեցմամբ։ Այս օրենքը չի վերաբերում ընտանիքի սահմանմանը, այլ ավելի շատ հարաբերությունների մեջ բռնության մասին է, քան դասական ընտանիքի։ «Ընտանիք» սահմանումը մենք, որպես այդպիսին, չունենք․․․ Սահմանադրությունն ասում է, թե ով կարող է կնքել, ում ամուսնությունն է կամավոր ․․․բայց մարդիկ կարող են ընտանիք համարել իրենց ամուսնությունը, շատ մարդիկ առանց ԶԱԳՍ-ում գրանցվելու ապրում են, հիմա, ինչ է` դա ընտանիք չէ՞։ Այո, օրենքը սահմանում է` կնոջ եւ տղամարդու միությունն են միայն գրանցում, բայց չի ասում, ով որ գրանցված չէ, ընտանիք չէ»։

Բաթոյանի հետ հարցուպատասխանից պարզ դարձավ նաեւ, որ կուսությունը ստուգելու պարտադրանքը պատժելու անհրաժեշտությունն առաջացել է «սերիալներից»։ «Դուք հայկական սերիալներ չե՞ք նայում, չե՞ք տեսնում` ինչ իրականություն է»,- լրագրողների հարցադրումներին զարմացած պատասխանում էր Բաթոյանը, երբ նրան հարցնում էինք` ինչո՞ւ է նման կարգավորման անհրաժեշտություն առաջացել։

Մեկ ուրիշ ՔՊ-ական` Ծովինար Վարդանյանն էլ լրացրեց, թե բժշկական հաստատություններից ստացված տեղեկություններն են հիմք հանդիսացել, իսկ այս փոփոխությունները կյանքի կոչելուց հետո եթե որեւէ աղջիկ իրավապահներին դիմի եւ ապացուցի, որ ինչ-որ մեկը պարտադրել է իրեն բժշկական հաստատությունում ստուգել կուսությունը, օրենքով կպատժվի։

Verified by MonsterInsights