February 24, 2024

Կայացած մասնագետներին վարկաբեկում են անպտուղ քրեական վարույթներով

«Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին 2 ամսով կալանավորեցին, ինչպես սովորաբար լինում է անվանի, կայացած անձանց դեպքում, կալանավորումն ուղեկցվեց մեծ աղմուկով։

«Հրապարակ» թերթը գրում է. Այս գործով, հիշեցնենք, անցնում են նաեւ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը, ում զարմանալիորեն տնային կալանք տվեցին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, ում 2 ամսով կալանավորեցին, այդ ընկերության եւս մի աշխատակից` Լիլի Մկրյանը, ում կալանավորել են 1 ամսով։ Մեղադրանքի հիմքում մի չկայացած տենդեր է, որի պատճառով պետությունն անգամ 1 դրամի վնաս չի կրել: Եղան խուզարկություններ, ձերբակալություններ, սակայն ոչ մեկին չմտահոգեց, որ կայացած, հայտնի ձեռնարկությունը, որը մեծ ներդրում ունի ՀՀ ՏՏ ոլորտի զարգացման մեջ, մեծապես տուժելու է սրանից։

Synergy International Systems-ը Հայաստանում աշխատում է 1999 թվականից։ Կարելի է համարել, որ ՏՏ ոլորտն ու այս ընկերությունը զուգահեռաբար են զարգացել, իսկ գլխավոր տնօրեն եւ հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանն այն պրոֆեսիոնալներից է, որով ցանկացած երկիր կհպարտանար։ Նա ծնվել է Հայաստանում, աշխատել Եվրոպայում, ԱՄՆ-ում, նաեւ ԱՄՆ քաղաքացի է, հետո վերադարձել է ու կայացրել այս ընկերությունը` զրոյից։ Վաղը, եթե երկար քննությունից հետո վարույթը փակվի, ինչպես եղել է շատ այլ դեպքերում, Հովհաննիսյանից ոչ ոք ներողություն չի խնդրելու, իսկ համացանցում կմնան հազարավոր նյութեր այն մասին, թե ինչպես կալանավորեցին Աշոտ Հովհաննիսյանին։ Այսպիսի դեպքեր շատ կան։ Կարեւորն աղմուկն է, ոչ թե արդյունքը։

Երեկ Երեւանի դատարանի Ավանի նստավայրում կրկին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արմեն Չարչյանի դատն էր։ Նրա վերջին խոսքը նման չէր այն ելույթներին, որոնք սովորաբար լսում ենք ամբաստանյալի շուրթերից։ Պրոֆեսորը վերջին նիստի ժամանակ շնորհակալություն է հայտնել փաստաբանին, դատարանին, անգամ դատախազին, որը 5 տարվա ազատազրկում է պահանջել նրա համար։ «Ներքին համոզմունք ունեմ, որ դա իր անձնական համոզմունքը չէ։ Ինչեւէ, շնորհակալ եմ դատախազին իր գործն անելու համար»,- ասել է Չարչյանը, ում մեղադրում են 2021 թ. հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար՝ մեղադրանք, որը հանրությունն այդպես էլ չընդունեց, քանի որ հանրության համար Չարչյանն ամենահայտնի եւ պրոֆեսիոնալ բժիշկներից է, ում կլինիկան ինչպես մինչեւ այս գործի հարուցումը, այնպես էլ այսօր ամենամարդաշատներից է։ Դատավճիռը կհրապարակվի այսօր։

Անցյալ տարի էլ 8 տարվա ազատազրկման դատապարտեցին ճարտարապետ, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին, ում դժվար է ասոցացնել կաշառակերի կերպարի հետ։ Այլ երկրներում նա բազմաթիվ պրոյեկտներ ունի՝ «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի նոր տերմինալներն է նախագծել, Սոչիի նավահանգիստը` իր մերձափնյա ինֆրաստրուկտուրայով, սպորտային համալիր Աստրախանում, Երեւանում՝ կրկեսը, առեւտրի կենտրոններ։ Եկել էր ոգեւորված` Հայաստանին ծառայելու, ու՝ խնդրեմ․․․

Իր գործի նվիրյալն է նաեւ մաեստրո Սերգեյ Սմբատյանը, ով նույնպես խնդիրներ ունեցավ այսօրվա իշխանության հետ։ Հուլիսին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին կալանավորեցին կեղծ ներդրումային ծրագիր ներկայացնելու ու խարդախությամբ Չայկովսկու անվան դպրոցին պատկանող հողամասերը հափշտակելու համար։ Դեպքն ուղեկցվեց մեծ սկանդալով, նոյեմբերին դիրիժորին արդարացրին` «արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով», բայց արդարացման ռեզոնանսն անհամեմատ փոքր եղավ։ Դիրիժորից ոչ ոք ներողություն չխնդրեց։ Նրա փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ «Սիներջիի» տնօրենի ու Ալեն Սիմոնյանի հարսի` Անի Գեւորգյանի կալանավորման առիթով գրեց իր ՖԲ էջում. «Անկախ այս կամ այն ՔՊ-ականի նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքից, պետք է սովորենք ոչ թե ուրախանալ նրա որեւէ բարեկամի նկատմամբ նույն իշխանության գործած ապօրինության կապակցությամբ, այլ շարունակենք սթափ գնահատել այն խորը անդունդը, որում գտնվում է մեր պետությունը։ Ինչ-որ տենդերի գործով 2 եւ 4 տարեկան մանկահասակ երեխաներ ունեցող կնոջը կալանավորելը պետության համապարփակ ճգնաժամի հերթական վկայությունն է»։

Բանակին անպիտան զենք մատակարարելու համար մեղադրվող Դավիթ Գալստյանին` Պատրոն Դավիթին, ով մեծ փորձ ունի այս ոլորտում, այնքան են կալանավորել ու կալանքից ազատել, որ նրա հետ կապված նմանատիպ տեղեկություններն այլեւս ոչ ոքի չեն զարմացնում։ Նա՝ ինքն էլ կարծես սովորել է բանտին։ Օգոստոսին, երբ Պատրոն Դավիթին 40 միլիոն դրամ գրավով ազատ արձակեցին, ապա մի երկու շաբաթից Վերաքննիչ դատարանը նրան կրկին կալանավորելու որոշում կայացրեց, նա անձամբ էր ներկայացել կալանավայր։ Բայց եթե Պատրոն Դավիթին ինչ-ինչ հանգամանքներից ելնելով ազատ արձակեցին, նախարար Դավիթ Տոնոյանը դեռ կալանավորված է` 2 տարուց ավելի:

Քրեական գործերն այս «մասկի շոուներից» հետո մի տեսակ լճանում են, ձգվում տարիներով։ 2022 թվականի ապրիլի 1-ին տեղեկացանք, որ ԱԱԾ-ն արտակարգ իրավիճակների նախարարությունում է` նախարար, գեներալ Անդրանիկ Փիլոյանին աղմուկով ձերբակալեցին: Այնքան արտառոց էր տեղեկությունը, որ ընկալվեց որպես ապրիլմեկյան կատակ։ ԱԻՆ ղեկավար կազմի խորհրդակցության ժամանակ դիմակավորվածները ներս են լցվել ու քարշ տալով հեռացրել նախարարին` փակել իր աշխատասենյակում։ Նրան նույն օրը ազատեցին պաշտոնից։ Իրավապահները ներկայացրին, թե մի ահռելի բանդա են բացահայտել ԱԻՆ-ում՝ է՛լ կաշառք, է՛լ պաշտոնեական դիրքի չարաշահումներ, խարդախություններ, փողերի լվացում եւ այլն։ Մի քանի ամսից Փիլոյանին 15 մլն դրամ գրավի դիմաց բաց թողեցին։ Մյուս 12 կալանավորներին եւս հերթով ազատեցին։ Հիմա Փիլոյանի եւ մյուսների մեղադրանքները կարճվում են վաղեմության հիմքով։

Վերջին նիստին կարճեցին ԱԻՆ նախկին աշխատողներից Վիգեն Գրիգորյանի մեղադրանքը։ Երկար ու անպտուղ քննություն է գնում նաեւ հայտնի բժիշկ, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի գործով։ Նրան մեղադրեցին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կեղծ տեղեկություններ մտցնելու մեջ, մեղադրանքի վրա երկար աշխատեցին, բայց այն այնքան թույլ էր, որ դատախազությունը մի քանի անգամ չէր հաստատում մեղադրականը։ Անցել է 4 տարի, Բաբլոյանի մեղքը չի ապացուցվել։ Գործը դատարանում է, բայց ինչքան նյարդեր, առողջություն ու անիմաստ ապրումներ է ունեցել փայլուն մանկական վիրաբույժ, ուռոլոգ, կլինիկայի ղեկավար պրոֆեսոր Բաբլոյանը։ Պրոֆեսիոնալներին իշխանությունն աճեցնելու ու կայացնելու փոխարեն ամեն գնով ոչնչացնում, վարկաբեկում է՝ հընթացս վնասելով այն ոլորտներին, որոնք կայացել են այդ «մեղադրյալների» շնորհիվ։

Verified by MonsterInsights