February 25, 2024

Զելենսկին ԱՄՆ-ին ծանուցել է զորքերի գլխավոր հրամանատարին հեռացնելու մասին. գեներալը խնդիրնե՞ր է ստեղծում. ՀԺ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը տեղեկացրել է, որ որոշել է պաշտոնանկ անել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին, գրում է Washington Post թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Հայտնի չէ, թե դա երբ տեղի կունենա, սակայն Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի համար արդեն երկու թեկնածու կա։

Bloomberg-ն էլ հայտնում է, որ Զելենսկիի և Զալուժնիի միջև առանցքային մի շարք հարցերի շուրջ անհամաձայնություն կա, գեներալը «խնդիրներ է ստեղծում»:

Եթե Զալուժնին իսկապես ազատվի պաշտոնից, սա կլինի ամենաէական կադրային փոփոխությունը ներկայիս ռազմական հակամարտության սկզբից ի վեր՝ իր բարդ հետևանքներով:

Ինչու է որոշման մասին տեղեկացվել Սպիտակ տանը

WP-ն նշում է, որ Սպիտակ տան պաշտոնյաները ոչ սատարել են, ոչ էլ դեմ են եղել այս որոշմանը` բացատրելով, որ դա նախագահի ինքնիշխան ընտրությունն է:

Զելենսկին դեռ պաշտոնական հրաման չի տվել Զալուժնիի ազատման մասին, և հայտնի չէ, թե դա երբ կարող է տեղի ունենալ։ Այն փաստը, որ Կիևը որոշել է Վաշինգտոնին նախապես ծանուցել վերադասավորումների մասին, արտացոլում է այն կարևոր դերը, որը ԱՄՆ-ը խաղում է որպես Ուկրաինայի ամենահզոր ռազմական և քաղաքական աջակից:

Բացի այդ, նախազգուշացումը Սպիտակ տանը հնարավորություն կտար փորձել ազդել Զելենսկու վրա՝ վերանայելու իր կարևոր որոշումը, սակայն Վաշինգտոնը որոշեց դա չանել։

Զալուժնին ու Զելենսկին հակասություններ ունեն

Ուկրաինական հասարակության ամենահայտնի դեմքերից մեկի՝ Զալուժնիի հրաժարականը կարող է բացասաբար ազդել զորքերի բարոյականության վրա և խաթարել արևմտյան հովանավորների վստահությունը այժմ, երբ Ուկրաինան փորձում է հետ մղել ռուսական ուժերի հարձակումը:

Ըստ Bloomberg-ի՝ նրա և Զելենսկու միջև լուրջ տարաձայնություններ են առաջացել. նրանք չեն կարողացել պայմանավորվել, թե ինչպես փոխհատուցել Ուկրաինայի Զինված ուժերի անհաջողությունները մարտի դաշտում, երբ հակամարտությունը մոտեցել է իր երկամյա շեմին։

Այդուհանդերձ, Զելենսկու որոշումը վիճարկելու ԱՄՆ-ի ցանկացած փորձ, ով նույնպես մեծ ժողովրդականություն է վայելում Ուկրաինայում և ով մասնավոր կերպով առաջարկել է, որ նոր գլխավոր հրամանատարը կարող է աշխուժացնել ուկրաինական բանակը, կարող է դիտվել որպես անհարկի ճնշում:

Փորձագետները գտնում են, որ Կիևում իշխանության բարձրագույն օղակներում ճեղքումների ակնհայտ նշանները լավ չեն Ուկրաինայի համար, բայց Միացյալ Նահանգների կառավարությունը չպետք է միջամտի դրան: Երկրի նախագահն իրավունք ունի ընտրել կաբինետի այնպիսի անդամների, ինչպես ինքը հարմար է գտնում: Դա պետք է լինի բացառապես Զելենսկիի որոշումը, որովհետև նա էլ պատասխանատու է լինելու դրա հետևանքների համար:

Զելենսկիի և Զալուժնիի միջև անվստահությունը երկար ժամանակ է՝ միայն սրվում է. դա մասամբ պայմանավորված էր նրանով, որ նախագահը կասկածում էր գեներալին քաղաքական հավակնությունների մեջ, սակայն հիմնական պատճառներից մեկը տարաձայնություններն էին հիմնական ռազմական հարցերի շուրջ, այդ թվում՝ գեներալի խնդրանքը՝ մոբիլիզացնել 500,000-ից ավելի անձից կազմված զորք: Զելենսկին, մինչդեռ, հրաժարվել է զինվորական ծառայության կանչել այդքան շատ մարդկանց, քանի որ Ուկրաինան այժմ պարզապես նրանց վճարելու հնարավորություն չունի, և նա պետք է զգալիորեն ավելացնի իր քաղաքացիների հարկերը։ Ավելին, նման կոշտ և ագրեսիվ մոբիլիզացիան կարող է լուրջ քաղաքական հետևանքներ ունենալ։

Ուկրաինացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ իրենց հանդիպման ժամանակ Զելենսկին Զալուժնիին հայտնել է, որ պատրաստվում է աշխատանքից ազատել նրան: Օրերս, սակայն, Զելենսկիի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը հերքել է, որ նախագահը պաշտոնանկ է արել Զալուժնիին, սակայն դրանից հետո նա չի պատասխանել մեկնաբանությունների խնդրանքներին։

Հինգշաբթի օրը Զալուժնիի կողմից հրապարակված սյունակ էր հայտնվել CNN-ի կայքում, որտեղ նա ասում էր, որ Ուկրաինայի կառավարությունը չի կարողացել մոբիլիզացնել բավականաչափ մարդկանց և կոչ է արել կատարելագործել երկրի բարձր տեխնոլոգիական սպառազինության համակարգերը: Զալուժնին նաև նշել էր, որ ռուսական կողմն այս հակամարտության մեջ զգալի առավելություն ունի մարդկային ռեսուրսների մոբիլիզացման հարցում, մինչդեռ, ըստ նրա, ուկրաինական պետական կառույցները անկարող են մեծացնել զինված ուժերի ներուժը՝ առանց ոչ ժողովրդական միջոցների դիմելու:

«Զալուժնիին» փոխարինող գտնելը բարդ խնդիր կլինի

Երակարամյա հարուստ փորձով գեներալին փոխարինելը բարդ խնդիր է լինելու՝ մի շարք հետևանքներով, սակայն արդեն իսկ շրջանառվում են որոշ անուններ:

Պոտենցիալ թեկնածուներից է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կիրիլ Բուդանովը։

Նա հատուկ ջոկատայինների հետ աշխատաքի փորձ ունի, բայց ոչ որպես բանակի հրամանատար։ Նրա նշանակումը կարող է ազդարարել անցում դեպի ասիմետրիկ մարտավարություն, ինչպիսին է անօդաչու թռչող սարքի հարվածները Ռուսաստանի տարածքի խորքում, հաշվի առնելով, որ վերջին տարվա ընթացքում ճակատային գծերը հիմնականում անշարժ են մնացել:

Պարզ չէ, սակայն, թե արդյո՞ք 38-ամյա Բուդանովը համաձայնելու է զբաղեցնել իրեն ենթադրաբար առաջարկվելիք պաշտոնը:

Մյուս հավանական թեկնածուն Ալեքսանդր Սիրսկին է, ով այժմ ցամաքային զորքերի հրամանատարն է։

58-ամյա գեներալ-գնդապետի արժանիքներից է համարվում ռազմական հակամարտության առաջին ամսում Կիևի պաշտպանության ղեկավարումը, այնուհետև Հյուսիս-արևելքում հաջող հակահարձակման կազմակերպումը Խարկովի մարզում 2022 թվականի աշնանը:

Այնուամենայնիվ, ըստ ուկրաինական աղբյուրների, շարքային զինվորները Սիրսկուն չեն սիրում. նա համարվում է խորհրդային շրջանի պատրաստված հրամանատար, ով չափազանց երկար ժամանակ պահել է սեփական զորքերը Արտեմովսկում (Բախմուտ) անողոք թշնամու կրակի տակ, երբ անհրաժեշտ է եղել ոչ թե մնալ, այլ հեռանալ այնտեղից:

Բացի այդ, որոշ տեղեկությունների համաձայն, Սիրսկին հայտնի էր իր ենթակաների նկատմամբ առանձնահատուկ դաժանությամբ:

Ինչպիսի ընթացք էլ հաջորդի Զալուժնիի պաշտոնանկությանը, ակհնհայտ է՝ դա անկասկած անդրադառնալու է Ուկրաինայի Զինված ուժերի գործողությունների արդյունավետության վրա: Բացի այդ, բարդ է պատկերացնել, թե նրան փոխարինողն ինչ ընդունելության կարժանանա Ուկրաինայի զորքերի շարքում:

Գեներալի հեռացման անհաջող փորձը «հաջողված» շարունակություն կունենա՞

Վլադիմիր Զելենսկին տևական ժամանակ առաջ արդեն իսկ փորձել է գեներալ Զալուժնիին հեռացնել պաշտոնից, սակայն չի հաջողվել։ Այս ամենը նրանց միջև կոնֆլիկտի արդյունք էր դեռ այդ ժամանակ, իսկ հիմա այդ կոնֆլիկտը միայն սրվում է, հաղորդում է Bloomberg-ը։

Զալուժնին հեղինակություն ունի ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց շրջանում։ Նա հավասար պայմաններով շփվում է ենթակաների հետ և զբաղվում բուն աշխատանքով, այլ ոչ թե իր «հանրային նկարագիր» ստեղծելով։

Ամենից շատ Զելենսկու և Զալուժնիի հարաբերությունների վատթարացման վրա ազդել է ամիսներ առաջ պլանավորված և հուժկու ազդարարված հակահարձակման ձախողումը, քանի որ այդ ձախողումը քննարկման առիթ դարձավ ոչ միայն երկրի ներսում, այլև Արևմուտքում։ Գործընկերները, ովքեր «Զալուժնիի զորքերին միլիարդավոր դոլարների զինտեխնիկա են մատակարարել», շատ դժգոհ էին գործողության արդյունքից։ Ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգները ցանկանում էր, որ բոլոր գործողությունները կենտրոնացվեն «մեկ տարածքում», իսկ Ուկրաինայի ղեկավարությունն իր ուժերը բաժանել էր արևելյան ճակատի և հարավի միջև:

Զելենսկու և Զալուժնիի միջև լարվածությունը հատկապես ակնհայտ դարձավ նոյեմբերին, երբ գեներալը հարցազրույց տվեց The Economist-ին, որտեղ հայտարարեց, որ «կռիվը մտել է փակուղի»։ Զելենսկին, իհարկե, շտապել էր դատապարտել գլխավոր հրամանատարի հայտարարությունները և ասել, որ երկիրը «դեռ կարող է շրջադարձային կետի հասնել»։

Այսպիսով, այժմ Զելենսկին իսկական «դիլեմայի» առաջ է կանգնած. նա պետք է կարողանա ճիշտ որոշում կայացնել, քանի որ ամբողջ երկիրը հետևում է դրան, իսկ երկրի սահմաններից դուրս՝ հակամարտության ընթացքում Ուկրաինային ամեն կերպ աջակցող ԱՄՆ-ը, Եվրոպան, մամուլն ու հակառակորդը՝ Ռուսաստանը:

Verified by MonsterInsights