February 25, 2024

Խոշոր հրդեհ «Շշի Մելոյի» գործարանում. ծուխը տեսանելի է մի քանի կմ-ից, հրշեջները փորձում են կանխել կրակի տարածումը

Այսօր՝ փետրվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի դիմաց գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշլի Մելոյի»՝ Մելիք Մանուկյանին պատկանող շշերի գործարանում հրդեհ է բռնկվել։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են գործարանի աշխատակիցները։ Այս պահին հրշեջները մեծ դժվարությամբ փորձում են կանխել կրակի տարածումը, իսկ ծուխը տեսանելի է մի քանի կմ-ից։

Ժամանել է նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով կրակը բռնկվել է շշերի արտադրամասում։

ՆԳՆ փրկարար ծառայության տեղեկատվությամբ, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ շշերի ապակու ձուլման վառարանից տեղի է ունեցել հումքի արտահոսք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։07-ին։ Իրականացվում են հովացման աշխատանքներ։

Verified by MonsterInsights