February 25, 2024

Համագործակցությունն ընդհատվե՞լ է

Ամիսներ առաջ ձեւավորված «Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիրներ՝ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի եւ քաղաքական գործիչ Գեւորգ Գեւորգյանի միջով սեւ կատու է անցել:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ վերջերս նրանք կոշտ զրույց են ունեցել, Արշակ Կարապետյանը նրան փոխանցել է, որ հրաժարվում է նրա հետ համագործակցությունից։ Ըստ մեր աղբյուրի՝ պատճառն այն է, որ Արշակ Կարապետյանին իբր հասցրել են, թե Գեւորգյանն իր մասին «պատերի տակ բամբասում է» եւ այլն։

Հայաստանում վերջին 10 տարիներին գրեթե բոլոր ընդդիմադիր շարժումների մասնակից Գեւորգ Գեւորգյանն անակնկալի եկավ մեր հարցից։ «Ես սենց հրապարակային բաներ հիմա չեմ խոսում»,- ասաց նա, բայց անմիջապես սթափվեց եւ փորձեց հերքել տեղեկությունը․ «Եթե ես եւ Արշակ Կարապետյանը համահիմնադիր ենք այդ շարժման, եւ եթե հանկարծ կոնֆլիկտ լինի` ի՞նչ պետք է լինի… Ես ասում եմ․․․ նման բան չկա»։

Հետաքրքրվեցինք առաջիկա քայլերի մասին։ «Նախատեսում ենք երկիրը փրկել այս ողբերգությունից, կարողանալ ազգային համախմբում իրականացնել, ազգովի ոտքի կանգնել ու գիտակցել, որ մեր գոյության պայքարն է»,- ասաց Գեւորգյանը՝ չնշելով, թե երբ եւ ինչպես են ոտքի հանելու ազգին։

Նշենք, որ շարժումը մի քանի ամիս է, ինչ հայտարարել է իր գոյության մասին, գրասենյակներ են բացել Երեւանում, Գյումրիում, Էջմիածնում։

Համագործակցությունն ընդհատվե՞լ է․ «Հրապարակ»

Verified by MonsterInsights