February 25, 2024

Ցեղասպանության ճանաչումը քաղաքական առևտուր է, ինձ պետք չի՝ ով ինչ կճանաչի․ Խաչատուր Սուքիասյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կարծիքով՝ ցեղասպանությունը, որն իրագործվել է, աշխարհի ամենախայտառակ բանն է, որ մեր նման ժողովրդին կարողացել են այդ աստիճան կոտորել։

Այս մասին նա այսօր ասաց Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Ցեղասպանվելու մեջ մեր մեղքն էլ կա։ Ցեղասպանությունից ո՞վ է հրաժարվում։ Նախ ցեղասպանությունը, որն իրագործվել է, աշխարհի ամենախայտառակ բանն է, որ մեր նման ժողովրդին կարողացել են այդ աստիճան կոտորել։ Այդտեղ մեր մեղքն էլ կա, որ չենք կարողացել կազմակերպվել և մեզ պահել։ Եվ դա մեզ պետք է դաս լինի, ոչ թե դաս լինի, որ մենք լացենք, այլ դաս լինի, որ մենք ուժեղանանք, որ ապագայում մեր սերունդները ոչ մի անգամ նման իրավիճակում չհայտնվեն։ Ինձ պետք չէ, թե ով ինչ կճանաչի, ինձ պետք է, որ ես ուժեղ լինեմ»,- նշեց նա։

Պատգամավորի խոսքով՝ ցեղասպանության ճանաչումը քաղաքական առևտուր է․ «Ինձ պետք չէ՝ ով ինչ կճանաչի, ինձ պետք է՝ ես ուժեղ լինեմ։ Ոչ մեկը հայազգի համար չի ճանաչում։ Մեզ պետք է հզոր պետություն։ Երբ ինքը ունենում է քաղաքական խնդիր, այդ դեպքում է ճանաչում»։

Սահմանադրությունը պետք է փոխվի և նոր ժամանակներին համարժեք դարձվի. «Սահմանադրությունը պետք է փոխվի և նոր ժամանակներին համարժեք դարձվի։ Բա դուք թրենդներին չե՞ք հետևում, որ նոր «Այֆոն» է դուրս գալիս, ինչո՞ւ են ձգտում դրան։ Պետք է մեր հայ սերունդների համար՝ ՀՀ-ում բնակվող և ապագայում բնակվողներին անվտանգ երկիր հանձնենք, ցանկացած իշխանության համար մեկ խնդիրը դա պետք է լինի»,- նշեց Սուքիասյանը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ աշխարհաքաղաքական փոփոխություններին համահունչ՝ պետք է լինի ՀՀ Սահմանադրությունը․ «Աշխարհաքաղաքական փոփոխությունները պետք է հաշվի առնես, որ երկրում ամեն ինչ կառուցես այսօրվա ժամանակին եղած իրավիճակին։ Այժմյան Սահմանադրությունն այն ժամանակվա իրողություններին համարժեք է եղել, հիմա ուզում ենք նոր իրողությանը համարժեք լինի»։

Նրա խոսքով՝ այժմ Հայաստանը նաև իր անվտանգության համակարգի ամրացման փուլում է։

«Ես կարծում եմ՝ մենք անվտանգության պահպանման փուլում ենք, որ ընտրենք իրական դաշնակիցներին, պարտավորություններ վերցնենք, որը բավականին հետաքրքիր է։ ՌԴ-ն այս պահին մեր դաշնակիցն է, և ոչ միայն այդ երկիրը, այլ երկրներ ևս կլինեն մեր դաշնակիցը»,- նշեց պատգամավորը:

«Աշխարհի շատ քիչ ազգեր ունեն պատմություն, որ կարող են ցեղասպանվել, քաղաքական մի քանի կուսակցություն լինի ու չկարողանան կազմակերպվել, գոնե փրկեն ու պայքարեն։ Այսօր էլ չգիտենք՝ ինչ ենք ուզում»։

«Հիմա ասում ենք՝ սա գիտեք ով է, մյուսը բարձրաձայնում է, ասում է, թե դավաճաններ են։ Այսօր ամեն ինչ թափանցիկ է, հենց դա էլ պետք բերի նրան, որ մադու գիտակցությունը փոխվի։ Նոր ժամանակները բերում են նոր մտածելակերպի, նոր գաղափարական ուղղության։ Մենք չենք կարո՞ղ մտածել, թե ոնց Հայաստանը ուժեղացնենք։ Հիմա մենք կարող ենք ամեն ինչ անել ՀՀ շահերը պաշտպանենք։ Ժամանակները փոխվել են, ուրիշ մարտահրավերներ կան, զարգացման գործիքներ կան, պետք է ամեն ինչ անենք այդ հատվածում։ Ամեն օր բարձր ձայնով բոլորին մեղադրում ենք, է՜, բոլորս էլ մեղավոր ենք։ Ամբողջ պատմության մեջ մեր պապերն էլ են մեղավոր, որ մեզ ուժեղ պետություն, ավելի մեծ տարածքներ ու ավելի մեծ զինված ուժեր չեն տվել։ Եթե մենք չփոխվենք, խնդիր ենք ունենալու»,- ասաց նա։

Verified by MonsterInsights