February 23, 2024

Հակաբիոտիկների վաճառքը կդառնա էլեկտրոնային դեղատոմսով. ինչ վտանգներ կարող են առաջացնել դրանք

Հակաբիոտիկների չարաշահումը և ոչ տեղին օգտագործումը Հայաստանում տարիներ շարունակ մտահոգում է մասնագետներին: Նոր կարգավորմամբ մարտի 1-ից դրանց նշանակումը կդառնա էլեկտրոնային դեղատոմսով: Սրանով ոլորտի ներկայացուցիչները նպատակ ունեն վերջնական լուծում տալ խնդրին:

ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու, «Կարդիոմեդ ընտանեկան բժշկության կենտրոն»-ի տնօրեն Սամվել Հայրումյանը նկատում է՝ նման օրենք կար դեռ 2018 թվականից, երբ դեղատան աշխատակիցները մերժում էին անձին պարզապես հակաբիոտիկ տրամադրել առանց դեղատոմսի: Այդպիսով մարդը խուսափում էր հակաբիոտիկների անտեղի օգտագործման հետևանքով առաջացած առողջական վնասներից և ավելորդ ծախսերից։

Նրա խոսքով՝ չնայած օրենքը չչեղարկվեց, սակայն դադարեց գործել, որին նպաստեցին կորոնավիրուսի համավարակը և պատերազմը:

«Կորանավիրուսային համավարակի ընթացքում, պայմանավորված մի կողմից արագ տարածվող և տարբեր բարդությունների բերող նոր հիվանդությամբ, երբ բուժման համար սկզբնական շրջանում հստակ և ապացուցված արդյունավետությամբ դեղամիջոցներ չկային, մյուս կողմից հակաբիոտիկների՝ միայն դեղատոմսերով վաճառելու կարգի թերի հսկողության պայմաններում ունեցել ենք հակաբիոտիկների անվերահսկելի ու դեպքերի գերակշիռ մասում չարդարացված նշանակումներ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Վերջինիս խոսքով՝ պետք է սկսել բնակչության հետ աշխատել, որպեսզի առաջանա գիտակցում, թե ինչու չի կարելի հակաբիոտիկն առանց բժշկի նշանակման օգտագործել։

«Ժամանակ է պահանջվելու, որ ամեն հազալու համար հակաբիոտիկ չառնեն, մեզ մոտ այդպես է՝ անգամ թեթև ջերմության դեպքում էլ հաճախ օգտագործում են այն: Բայց առանց բժշկի կողմից հիվանդին զննելու որևէ մեկն իրավունք չունի խորհուրդ տալ դրանց կիրառումը։ Դեղագետների հիմնական մասը գիտակցում է, սակայն երբեմն հիվանդները պնդում են, որ դեղատան աշխատողը տրամադրի այն: Հաճախ դիմում են բժշկի՝ արդեն հակաբիոտիկներ օգտագործած վիճակում, իսկ դրանց անհիմն օգտագործումը հանգեցնում է դեղամիջոցի հանդեպ կայունացման առաջացմանը»,- վտանգների մասին է ահազանգում բժիշկը:

Ըստ Հայրումյանի՝ հակաբիոտիկների չարաշահումը կանխելու համար 2 ուղղությունով զուգահեռ պետք է աշխատել․ «Նախ տարբեր միջոցներով բարձրացնել ազգաբնակչության տեղեկացվածության մակարդակը հակաբիոտիկների անհարկի կիրառման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ, երկրորդ՝ ավելի խիստ հետևել դրանց՝ միայն դեղատոմսերով վաճառելու առկա կարգի կիրառմանը»։

Էլեկտրոնային դեղատոմսը լինելու է «Արմեդ» համակարգով։ Զրուցակիցն ասում է՝ բժիշկներն արդեն գիտեն՝ ինչպես օգտվել դրանից, աշխատանքներ են տարվում նաև դեղատների հետ։

Հայրումյանը կարևորում է այս նախաձեռնությունը՝ միևնույն ժամանակ պարզաբանելով, որ հակաբիոտիկների սխալ ընդունման կամ բժշկի՝ ոչ տեղին նշանակելու դեպքում հիվանդի մոտ կարող են դրսևորվել կողմնակի ազդեցություններ, ինչպես՝ ալերգիկ ռեակցիաներ, հակաբիոտիկ-ասոցացված փորլուծություն, հակաբիոտիկների առանձին խմբերին բնորոշ տարբեր կողմնակի ազդեցություններ, այնպես էլ՝ գլոբալ խնդիրներ, ինչպիսիք են հակաբիոտիկակայունության առաջացումը։

Մերի Խաչատրյան

Verified by MonsterInsights