February 24, 2024

Այսպիսի դեպքերը էսկալացիայի չվերածվեն և շատ արագ ավարտվեն. Խաչատրյան

Այդպիսի միջադեպեր եղել են ու լինելու են, պետք է նվազագույնի հասցնել դա, և դրա համար մի շարք աշխատանքներ են պետք իրականացնել, ինչը արվում է թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական դաշտում։

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով այսօր Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած սադրանքին, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր:

Վերջինս ընդգծեց՝ Պաշտպանության նախարարությունը տրամադրում է այնքան տեղեկատվություն, որքան անհրաժեշտ է հանրությանը, և այնքան, որքան չի խախտի անվտանգային խնդիրները․ «Հորդորում եմ բոլորին՝ համայնքի ղեկավարներին, վարչական պատասխանատուներին, ավելորդ տեղեկատվություն չտալ, խառը լուրեր չհայտնել, և բոլորս առաջնորդվենք միայն ՊՆ պաշտոնական տեղեկատվություններով»։

Ըստ Խաչատրյանի՝ խնդիրը նրանում է, որ այդպիսի դեպքերը էսկալացիայի չվերածվեն և շատ արագ ավարտվեն։

Հարցին՝ պատրաստ չե՞նք, որ զոհեր չունենանք, պատգամավորը նկատեց․ «Այդպիսի պատրաստվածություն չկա՝ եթե մարտական գործողություններ վարվեն, և դու երաշխիք ունենաս, որ զոհ չես ունենա, նման երկիր գոյություն չունի աշխարհում։ Մարտական գործողությունները մեկը մյուսին սպանելու գործողություն է»:

Ըստ նրա՝ վերջին երեսուն տարում տեսե՞լ ենք, որ Ադրբեջանը սադրանքներ չանի. «Իհարկե, անելու է, և եթե քաղաքական ձեռքբերումներ լինեն խաղաղության պայմանագրի կամ փոխադարձ չհարձակվելու վերաբերյալ համաձայնագիր, ապա այդ դեպքում նման սադրանքները կհասցվեն նվազագույնի, բայց ինչ էլ լինի, մեր զինված ուժերը պետք է միշտ պատրաստ լինի ցանկացած սադրանքի և հարձակման»։

Խաչատրյանը կարծում է, որ ծառայողական քննություն պետք է իրականացվի ՊՆ-ում, թե ինչպես առաջացավ այս սադրանքը, և այս գործողությունները ինչի պատճառ էին։

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր:

Մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է:

Ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել՝ ընդունելով, որ սադրանքի հեղինակն իր զինծառայողներն են:

Verified by MonsterInsights