February 25, 2024

Տոմսային փաթեթներից սահմանափակումները կհանվեն․ Գրիգորյան

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ավագանու նիստին անդրադարձավ Միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծին, որի քննարկումն ավելի վաղ հանվել էր ավագանու այսօրվա նիստի օրակարգից:

Նրա խոսքով՝ ուրախալի է, որ այս նախագիծը բարձր հանրային հետաքրքրության առարկա է դարձել և ակտիվ քննարկումներ կան նախագծի շուրջ, սակայն, վերջինս շնորհակալություն հայտնեց, որ համաձայնել են այն հանել օրակարգից։

«Այս հարթակը ամենալավ հարթակներից է նախագիծը ևս մեկ անգամ քննարկելու համար։ Երևան քաղաքի տրանսպորտային համակարգը շատ բարեփոխումների ու փոփոխությունների է ենթարկվել վերջին ժամանակահատվածում։ Այո՛, մենք ընդունում ենք, որ չենք կարող ասել, որ ունենք կատարյալ կամ կատարյալին մոտ տրանսպսրոտային համակարգ, բայց մյուս կողմից էլ ավելի շատ չենք կարող ասել, որ ունենք այն տրանսպորտային համակարգը, որի ժամանակ ձևավորվել է գործող սակագինը, ուստի հաշվի առնելով, որ տրանսպորտային համակարգը ու ոլորտը շարունակական բարեփոխումների է ենթարկվելու միշտ, պետք է համահունչ կառուցենք մեր քաղաքականությունը»,- նշեց նա։

Մի կողմից էլ փոխքաղաքապետը նկատեց՝ առկա իրավիճակը գործող սակագանային տրամաբանությամբ չի կարող շարունակվել, քանի որ գործող շարժակազմը, որը կար, փոփոխվել է ոչ միայն համայնքային միջոցներով․ «Եվ այսօր էլ էական չափով սուբսիդավորվում է այս ոլորտը համայնքային բյուջեից, մեր հանրությունը, այսպես թե այնպես, առկա տրասնպորտային համակարգի համար վճարում է, վճարում էր նախորդ տրանսպորտային համակարգի համար և վճարելու է։ Հարցն այն է, թե որ մասն է վճարվելու ուղևորափոխադրումներից և որ մասը համայնքային բյուջեից՝ ի հաշիվ այլ ոլորտի։

Այսօր սուբսիդավորման չափը մետրոպոլիտենում, տրոյլեբուսների ու ավտոբուսների մասով նախորդ տարվա օրինակով հասել է 7 միլիարդ դրամի, և այս գումարը գնալով աճում է, որովհետև քաղաքը անընդհատ համալրվում է և բերում է նոր շարժակազմ՝ իր խոստումը կատարելով երևանցիների համար։ Այն շարժակազմը, որում մարդիկ կռացած ու արժանապատվությանը վիրավորող ձևով երթևեկում էին, պետք է վերացվի, բայց նոր շարժակազմը, նոր որակը ենթադրում է ավելի բարձր ծախսեր։ Որոշման ընդունումը առաջիկա նիստում կամ երբ որ կլինի, մարտ ամսվա նախատեսված նիստում, եթե ընդունվի անվագանու կողմից, միևնույն է մենք այս համակարգի գործումը փոխկապակցում ենք 171 նոր ավտոբուսների Երևան քաղաք ժամանելու հետ»։

Այնուհետև փոխքաղաքապետը ընդգծեց՝ նախագիծը ենթադրում է մի քանի տոմսային փաթեթ՝ ամսական, եռամսյա, տարեկան, 70 րոպեյվա տոմս, մեկ օրյա տոմս, նաև մինիմալ 10 փաթեթով լիցքավորվող տոմս․ «Քննարկման առարկա պետք է դառնա սահմանափակումների հարցը, այս պահին ես կարծում եմ, որ պետք է հակվենք այն տարբերակին, որ վերացնենք տոմսային փաթեթներից սահմանափակումների հարցը, այսինքն՝ բոլոր այս ժամանակների համար ուղևորությունների քանակը լինի անսահամանափակ»։

«Տրանսպորտային համակարգի բարեփոխումները համապարփակ են և բազմավեկտոր, և այդ վեկտորներից մեկը ծառայության որակը սպասարկման առումով բարձրացնելն է»:

Այս մասին այսօր՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ, ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը. «Բոլորս ընդունում ենք, որ եթե դու ունես անգամ ամենաժամանակակից շարժակազմը, բայց վարորդների կողմից համապատասխան վերաբերմունք՝ ծառայության որակ չի ապահովվում, խամրում է նաև այն շատ լավ շարժակազմը, որով անձը երթևեկում է: Ուզում եմ արձանագրել, որ էական քայլեր այս ուղղությամբ կատարվել են թե՛ վարորդների վերապատրաստման, թե՛ համազգեստների առումով, բայց նաև շատ անելիք կա»,- նշեց Գրիգորյանը՝ բերելով օրինակներ. «Մի քանի ամիս առաջ, եթե չեմ սխալվում նաև մամլո խոսնակի հայտարարությունը եղավ, որ աշխատանքից ազատել էինք մի վարորդի, որ փորձում էր խոչընդոտել քաղաքացիների կողմից էլեկտրոնային եղանակով վճարմանը, նաև ծխախոտից օգտվելու դեպքեր ենք ունեցել և այդ դեպքերին շատ ուշադիր ենք: Եվ, այո, շարունակական քայլեր ծառայությունների որակը բարձրացնելու առումով նույնպես անելու ենք, դա նախագծի հետ կապել պետք չէ»:

Verified by MonsterInsights