25/06/2024

Փաշինյանը վախեցնելով նոր զիջումների է պատրաստում քաղաքացիներին․ եթե գյուղերը չտանք ապա պատերազմ կլինի

«Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշ վերջին այցն իրականում մեկ նպատակ է հետապնդել՝ վախեցնել մարզի բնակիչներին ու պատերազմի սպառնալիքի ներքո նոր զիջումների պատրաստել քաղաքացիներին:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երկուշաբթի օրը՝ Փաշինյանի՝ Տավուշ այցից հետո, մարզում խուճապային տրամադրություններ են առաջացել: Բանն այն է, որ Փաշինյանը քաղաքացիներին վախեցրել է՝ եթե Ադրբեջանի պահանջած գյուղերը չտանք, ապա Ադրբեջանը Ոսկեպարի կողմից է հարձակվելու Հայաստանի վրա, Թուրքիան՝ Արմավիրի:

Ասել է նաեւ, թե մեր բանակը ունակ չէ պայքարելու թուրքական բանակի դեմ, այսինքն՝ Փաշինյանի ասածն այն է, որ պետք է կատարենք թշնամու բոլոր ցանկությունները, որպեսզի պատերազմ չլինի: Իսկ թե դրա արդյունքում հայրենիքի մնացորդից էլ ինչ կմնա, պարզ չէ: Ահա այս հայտարարությունները լուրջ անհանգստություններ են առաջացրել տեղացիների մոտ:

Այսինքն՝ ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը ծրագրված գնացել է Տավուշ, որպեսզի կոտրի ու թեւաթափ անի քաղաքացիներին, ու այնպիսի հայտարարություններ է արել, որ նրանք նոր պատերազմի սպառնալիքի ներքո համաձայնեն նոր զիջումներին, ու բողոքի ալիք չբարձրանա: Ողջ նպատակն այն է, որ մարդիկ չբողոքեն, հանրահավաքներ չանեն, եւ իր իշխանությունը չերերա»: