21/07/2024

Անկանոն կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկը. ՆԳՆ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 7-ին՝ ժամը 00:30-ից 1:00 ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը։

Տան բնակիչը վնասվածք չի ստացել։ Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե:

ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ։