23/12/2024

ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմութան դատաստանի

Իշխող ֆրակցիայում քննարկել եւ որոշել են, որ գլխավոր դատախազի նախորդ տարվա հաշվետվությունը վերածելու են ընդդիմության դատաստանի:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այսպես ասած՝ նախկինների թալանի ու կոռուպցիայի մասին հին պատմություններն են հիշելու եւ մի հուժկու ներկայացում են դարձնելու՝ խրոխտ ելույթներով, հարցուպատասխանով, որով փորձելու են նորից նախկինների թեման թարմացնել եւ հանրության ուշադրությունը շեղել Հայաստանում ընթացող ողբերգական իրադարձություններից, երբ սահմանազատման-սահմանագծման գործընթացի անվան տակ Փաշինյանը միակողմանի զիջում է ՀՀ տարածքները:

Կրկին փորձելու են Հայաստանի ներկայիս բոլոր դժբախտությունները վերագրել նախկինների թալանին ու կոռուպցիային` «Արցախը նախկիններն են հանձնել» նարատիվը վերաշարադրելով «Տավուշը նախկիններն էին տվել» ձեւով։

Բանն այն է, որ ՄԻՊ զեկույցում կա հաշվետվություն՝ ապօրինի ծագման գույքի գործերով, թե որ նախկին պաշտոնյան, հանրային գործիչը որքան ապօրինի ունեցվածք ունի, եւ պետությունն ինչքան գումար է պահանջում նրանցից։ Այդ պաշտոնյաների թվում են ՀՀ երկրորդ նախագահը, նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Ճիշտ է` այդ պահանջածից շատ քիչ բան են կարողացել նախկիններից կորզել, եւ պարզ է, որ այդ դատաքննությունները տարիներով շարունակվելու են, եւ հայտնի չէ, թե ինչով կավարտվեն, բայց շոուն հարուցված վարույթներն էլ կապահովեն: Դատախազի զեկույցը քննարկվելու է այսօր: