13/06/2024

Ինչ կարող է անել Օրբանը, որքանո՞վ է համաձայնեցված Ռուսաստանի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth ռադիոկայանին հարցազրույցում հայտարարել է, որ «Եվրոպան Ռուսաստանի դեմ պատերազմի է նախապատրաստվում»-Բուդապեշտից հաղորդում է ՌԻԱ-Նովոստիի թղթակիցը:

Օրբանի գնահատմամբ՝ «տեղեկատվական նախապատրաստություն է ընթանում, ինչի վկայություն են մամուլի հրապարակումները եւ քաղաքական գործիչների հայտարարությունները»: Politico-ի խմբագրականը սրված ուշադրություն է դարձրել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի այն մտքին, որ «Ուկրաինան ինքն է որոշում, թե ինչ զինատեսակներ եւ երբ օգտագործի եւ ինչ խնդիրներ լուծի»:

Խոսքն այն մասին է, որ մինչ այս պահը Միացյալ Նահանգները Կիեւին արգելում է իր տրամադրած հեռահար սպառազինությունները գործածել Ռուսաստանի խորքային տարածքներում ռազմական թիրախների դեմ: Բլինքենի տեսակետը պաշտպանել է նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակը: Ու թեեւ Պենտագոնից հակադարձել են, բայց արեւմտյան մամուլում կայուն տպավորություն կա, որ «ամերիկյան հրթիռները կարող են հասնել մինչեւ Դոնի Ռոստով»:

Մի քանի ամսվա դադարից հետո մասիսի 24-ի վաղ առավոտյան Կիեւում օդային տագնապ է հնչեցվել: Անցյալ շաբաթ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդեւն զգուշացրել է, որ «սանիտարական գոտին կարող է հասնել Լեհաստանի սահմանին»: Մայիսի 24-ին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Բորտնիկովը կոշտ քննադատել է Մոլդովայի իշխանություններին, նրանց համարել «անգործունակ»: Բորտնիկովի գնահատմամբ՝ «ՆԱՏՕ-ն Մոլդովային ներքաշում է Ռուսաստանի հետ ուղղակի պատերազմի մեջ»:

Ո՞վ է ում դեմ է պատերազմի նախապատրաստվում: Միջազգային մամուլում տեսակետ կա, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ձեւավորում է Արեւելյան Եվրոպայի ռուսամետ առաջնորդների ակումբ, որի կուրացիան վերապահվելու է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին»:

Սլովակիայի վարչապետ Ֆիցոյի դեմ մահափորձի խորքային պատճառ է համարվում նրա կողմից ՆԱՏՕ-ի հասցեին հնչեցրած մեղադրանքը: ՌԴ ԱԴԾ տնօրենը Մոլդովայի մասին պատահաբար չի խոսել.աշնանն այնտեղ նշանակված են նախագահական ընտրություններ: Ըստ դիտարկումների՝ հանրային տրամադրությունները «հիսուն-հիսուն են»: Դա մի իրավիճակ է, երբ ցանկացած պահի կարող են քաղաքացիական բախումներ սկսվել:

Բայց Արեւելյան Եվրոպայի «ռուսաստանամետ ակումբի նախագիծը» Հայաստանի համար մարտահրավեր է այն առումով, որ այդ երկրների՝ Հունգարիայի, Սլովակիայի, Բուլղարիայի, Սերբիայի հետ սերտ հարաբերություններ ունի նաեւ Ադրբեջանը:

Ո՞րն է այդ հարաբերություններում Ալիեւի դերը եւ ինչքանո՞վ է դա համաձայնեցված Ռուսաստանի հետ կամ գուցե՝ Մոսկվայից հրահանգավորված: Չափազանց զգայուն է Վրաստանի պարագան: Վարչապետ Կոբախիձեն հայտարարել է, որ ԵՄ հանձնակատարներից մեկն իրեն «սպառնացել է Ֆիցոյի ճակատագրով»: Սա կամ բաց դիմակայության խոստովանություն է, կամ՝ անոնս:

ՌԻԱ-Նովոստին գրում է, որ ՌԴ նախագահ Պուտինն այցելում է Բելառուս, որտեղ քննարկելու է անվտանգության հարցեր՝ ներառյալ «մարտավարական միջուկային զենքի կիրառման սցենարով զորավարժություններին Բելառուսի մասնակցությունը»: Բելառուսի նախագահը երկու օր՝ մայիսի 16-17-ին գտնվել է Ադրբեջանում: Շատ մեծ է հավանականությունը, որ նա Իլհամ Ալիեւին Վլադիմիր Պուտինից ուղերձ է փոխանցել եւ պատասխանը ՌԴ նախագահին կփոխանցի Մինսկում:

ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովն ասել է, որ ՆԱՏՕ-ն «ռեսուրսներ է կուտակել, եւ հետխորհրդային տարածքում իրավիճակը մնում է անկայուն»: Հունգարիայի վարչաետ Վիկտոր Օրբանն ու՞մ կողմից է լիազորված հայտարարելու, որ Եվրոպան Ռուսաստանի դեմ պատերազմի է նախապատրաստվում: Հունգարին ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ է: Պատերազմի դեպքում Բուդապեշտը պետք է ենթարկվի Հյուսիս-ատլանտյան դաշինքով ստանձնած պարտավորություններին, բայց Օրբանը, կարծես, իր երկիրը դուրս է դնում Ռուսաստանի հետ ենթադրյալ բախման դաշտից: Ի՞նչ առնչություն կամ փոխկապակցվածություն կա Օրբանի հայտարարության եւ հետխորհրդային տարածքում ՆԱՏՕ-ի «էքսպանսիայի» մասին ՌԴ ԱԴԾ տնօրենի խորքային գնահատման միջեւ: Հայաստանը Հարավային Կովկասում մենա՞կ է մնում: