Որպես Դաշնակից միշտ պատրաստ ենք թիկունք լինել, ելնելով Երեւանի պահանջմունքներից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ճեպազրույցի ընթացքում պատասխանելով Հայաստանի հյուսիսային մարզերում տարերային աղետի հետեւանքների մասին հարցին:
Զախարովայի խոսքը ստուգելու թերեւս պատեհ առիթը կլինի այն, ինչի մասին օրինակ մայիսի 30-ի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասել է, որ ռուսական կողմի հետ Երեւանը քննարկել է աղետի հետեւանքով փլուզված երկաթուղային հատվածների վերականգնման հարցը եւ ռուսական կողմը հայտնել է, որ հնարավորինս արագ կիրականացնի երկաթուղու վերականգնման աշխատանքները:
Հայտնի է, որ 2008 թվականից Հայաստանի երկաթուղին գտնվում է Ռուսական երկաթուղիներ ընկերության կառավարման ներքո՝ 30 տարի ժամկետով: Պետք է տեսնել, թե որքա՞ն ժամանակ կպահանջվի, որպեսզի ռուսական կողմը կառուցի երկաթուղու փլուզված հատվածները:
Իհարկե, պետք է խոստովանել, որ դա հեշտ եւ արագ աշխատանք չէ, սակայն այդուհանդերձ աշխատանքի դինամիկան ու ծավալը ցույց կտան, թե արդյո՞ք ռուս գործընկերներն աշխատում են ըստ հայկական կողմի պահանջմունքների, թե՞ այդքան էլ մեծ չէ հնարավորինս արագ վերականգնելու ձգտումը: Իհարկե այստեղ շատ կարեւոր է նաեւ, թե հայկական կողմը ինչ կանի իրենից կախվածի առնչությամբ:
Միով բանիվ, շատ կարեւոր է, որ երկաթուղու վերականգնման աշխատանքը չհայտնվի քաղաքական հարցերի «թիրախում»: Լայն իմաստով սակայն, այս դրվագն էլ՝ այդ թվում Զախարովայի հայտարարության համատեքստում, հայ-ռուսական փոխհարաբերության եւ գործընկերության բովանդակային տրանսֆորմացիայի հերթական նշաններից է:
Օրինակ, երբ խոսքը վերաբերում էր Հայաստանի արեւելյան սահմանների անվտանգությանը, Ռուսաստանից չի հնչել ձեւակերպում՝ «որպես դաշնակից ամեն ինչ կանենք, ըստ հայկական կողմի պահանջմունքների»: Ռուսաստանը գործնականում բացահայտորեն հրաժարվել է լինել Հայաստանի դաշնակից ընդդեմ Ադրբեջանի, եւ թերեւս ակնկալում է, որպեսզի Հայաստանն էլ չլինի որեւէ այլ սուբյեկտի դաշնակից ընդդեմ Ռուսաստանի:
Բարդ, ծանր, սակայն կարծես թե որոշակիորեն առաջ է շարժվում հարաբերությունների տրանսֆորմացիայի այդ անհարթ ու խրթին գործընթացը: Սա ըստ էության հնարավոր է գնահատել որպես հայ-ռուսական փոխհարաբերության՝ «բնականին մոտեցող» ռեժիմ, որում ըստ էության ծավալվում է ֆիլտրացիայի բարդ գործընթաց՝ չեզոքանում են ավելորդ ակնկալիքներն ու սպասելիքները, եւ նշմարվում ու առարկայանում են ընդհանուր փոխշահավետ աշխատանքի դաշտերը:
Սա իհարկե առայժմ տակտիկական բնույթ կրող իրողություն է, ռազմավարական անհրաժեշտությունների՝ տակտիկական հղկման բարդ գործընթաց:
Բաց մի թողեք
Որքանո՞վ է ազնիվ Նիկոլ Փաշինյանը․ ինչո՞ւ դեռևս 2019-ին չի հայտնել ժողովրդին կարգավորման պլանի գոյության մասին
Պատերազմի «կոնյուկտուրան» դեռևս կլինի գերակայողը միջազգային հարաբերություններում
Ներքաղաքական կոնյուկտուրայից բխող տեղեկատվաքարոզչական պայքարի շղթան