23/07/2024

Ինչու է ճանապարհը փակելով իշխանության եկածը ծեծում այսօր ճանապարհը փակողներին

Պետք չէ իրավաբան լինել՝ գնահատելու համար վերջին 3-4 օրվա ոստիկանական վայրագությունները, բռնությունները, հասկանալու համար, որ հանցագործություն է` մարդու արժանապատվությունը նսեմացնելով, նրան հայհոյելով բերման ենթարկելը, փողոց, խաղաղ ցույցի դուրս եկած մարդկանց ծեծելը, պատգամավորների անձեռնմխելիության իրավունքը խախտելը:

Հրապարակ թերթը գրել է․ Ապացույցները բոլորիս աչքի առաջ են: Համացանցը հեղեղված է անհամարժեք ուժի կիրառման, ոստիկանական բեսպրեդելի կադրերով, սակայն քրեական գործեր են հարուցվում բացառապես ցույցերի, անհնազանդության ակցիաների մասնակիցների նկատմամբ: Նրանց մեղադրում են խուլիգանության, պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու, չենթարկվելու հոդվածներով:

Քննչական կոմիտեի հաղորդագրությունները գրեթե կրկնում են մեկը մյուսին: «54-ամյա տղամարդը կալանավորվել է՝ անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանների նկատմամբ առերեւույթ բռնություն գործադրելու մեղադրանքով… ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելու եւ այդկերպ վերջիններիս ծառայողական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ»,- հաղորդում է ՔԿ-ն, իսկ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ծեծի ենթարկած ոստիկանները շարունակում են մարդ ծեծել:

Վերը նշված հաղորդագրության մեջ խոսքը մայիսի 27-ին Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման իրականացրած անհնազանդության ակցիայի մասին է, որի ժամանակ քաղաքացիները ճանապարհ էին փակել:

ՔԿ մյուս հաղորդագրության մեջ նկարագրված «հանցագործներն» ապրիլի 23-ին Նոյեմբերյանում ճանապարհ փակած տավուշցիներն ու նրանց օգնության հասած մարդիկ են: Միաժամանակ 4 անձի են քրեական հետապնդման ենթարկել, եւ կրկին նույն Քննչականի ծուռ հայելիում արտացոլված իրականությունն է․ ըստ քննիչների՝ բազմաթիվ քաղաքացիներ տեւական ժամանակ արգելափակել են միջպետական ճանապարհահատվածը՝ խաթարելով երթեւեկության բնականոն ընթացքը։ Նրանք մանրամասն նկարագրել են ճանապարհը փակածների վեճը մեքենայի տիրոջ հետ: Ճանապարհը փակածների գործողությունները որակվել են որպես խուլիգանություն: «Երկու կողմերը սկսել են քաշքշել միմյանց, հայհոյանքներ հնչեցնել՝ արհամարհելով տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջները: Խուլիգանական գործողությունները դադարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների միջամտության արդյունքում»,- ասում է ՔԿ-ն: Այս գործով 5 անձի մեղադրանք է ներկայացվել «Խուլիգանություն» հոդվածով: Մեկը կալանավորված է, երեքի նկատմամբ տնային կալանք է կիրառվել, մի անձի նկատմամբ էլ՝ գրավ, վարչական հսկողություն եւ բացակայելու արգելք: Հետաքրքիր է, որ այս գործով նախաքննությունն ավարտվել է ռեկորդային կարճ ժամանակում՝ մի ամիս էլ չի տեւել: 2 օր առաջ ՔԿ-ն հաղորդեց, որ նյութերն ուղարկվել են դատախազի հաստատմանը, որից հետո կգնան դատարան:

Ինչպե՞ս պատահեց, որ ճանապարհ փակելով իշխանության եկածը, ով 2018-ին անարգել պետական դռներ էր ջարդում, եւ ում կանգնեցնող չեղավ, այսքան դաժան է վերաբերվում այսօրվա ճանապարհ փակողներին:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կարծում է, որ չարիքի արմատը Սարի թաղի, «Էլեկտրիկ Երեւանի», Ամուլսարի համար պայքարողների դեմ բռնությունների հետ կապված, փաստացի՝ նաեւ Մարտի 1-ի գործերի փակումն էր։ «Մարդկանց մահվան մասով դեռ վերջնական չեն ավարտվել քննությունները, բայց եթե այս իշխանությունը մնա, դա էլ կփակեն»,- ասում է նա եւ հիշեցնում, որ նախորդ իշխանությունը չէր փակում գործերը, ձեւական առումով կիսաքնած վիճակում պահում էր, բայց գոնե վերջնական չէր կարճում:

«Բայց սրանք բոլորին գերազանցեցին: Երբ որ գործերը սկսեցին փակել, ես կանխատեսում էի, որ այս իշխանությունը գնալու է նախորդի ճանապարհով, որովհետեւ, եթե չես դատապարտում, հետեւապես նպատակ ունես ուժային կառույցը նույն տրամաբանության մեջ հետագայում օգտագործելու, եւ այդպես էլ եղավ: Այն ժամանակ ՀԿ սեկտորն ասում էր՝ ո՞նց կարող է նման բան լինել: Հիմա մենք հասանք նրան, որ սա իրականացավ, եւ հիմա ես կարող եմ ասել՝ բոլորը սխալ էին, ես՝ ճիշտ, բայց սա ինձ ամենեւին չի ուրախացնում»:

Մյուս տագնապալի ազդանշանն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հունվարին ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում հայկական զինված ստորաբաժանում ուղարկեց Ղազախստան՝ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին օգնելու եւ այդ երկրի բնակչության ժողովրդավարական ընդվզումը ճնշելու համար՝ հիշում է Կարապետյանցը. «Իրենք մասնակցեցին ջարդին, սատարեցին դիկտատորին: Ես այն ժամանակ գրառումներ էի անում այդ մասին, եւ ինձ ասում էին՝ դա մեր շահերից է բխում: Բայց ո՞ր մասով էր մեր շահից բխում: Այն ժամանակ էլ երեւաց, որ իշխանությունները գնալու են դիկտատուրայի ճանապարհով ու գնացին»: Մեղավորը, ըստ իրավապաշտպանի, ոչ այնքան Փաշինյանն է՝ իշխանությունը, որքան հայաստանյան քաղհասարակությունը: «Իրենք սարքեցին սա՝ իրենց անպատասխանատու, անհետեւողական, անտրամաբանական գործողություններով, իրենց լռությամբ: Իրենց իշխանությունները՝ բոլոր իմաստներով, արդեն կորցրել են»,- ասում է Նինա Կարապետյանցը:

Նա տեսել է ֆրանսիական ցույցերը, ասում է՝ ի տարբերություն Ֆրանսիայի եւ այլ երկրների ոստիկանների, որոնք գործողությունների անցնում են միայն այն դեպքերում, երբ բազմությունը դուրս է գալիս հսկողությունից` սկսում է մեքենաներ այրել, խանութներ ջարդել, բնականաբար, որն իսկապես հասարակական կարգի խախտում է, եւ այդ ժամանակ ոստիկանությունը պետք է ուժ գործածի, մեր ոստիկանությունն ուժ կիրառում է առանց անհրաժեշտության: