23/07/2024

Հայաստանն ուղղակի վերածվելու է աշխարհագրական մի տարածքի, որտեղ անհասկանալի ծագմամբ մարդիկ են ապրում․ Միրզոյան

Բաքու-Երեւան «պասերով խաղը» շարունակվում է։ Բաքվում «դրական ներդրում» են համարում 4 գյուղերի հանձնումը, իսկ Երեւանից «հրաշալի հնարավորություն» են տեսնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։

Հրապարակ թերթը գրել է․ Բաքվից վերջին օրերին հնչած մեսիջներին, թե աշնանը COP29 համաժողովը հրաշալի շանս է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար, Փաշինյանը նախօրեին արձագանքել էր․ «Ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է խաղաղության պայմանագիր ստորագրելու համար: Խնդիրն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ պետք է ձեռք բերվեն համաձայնություններ: Ես հույս ունեմ, որ ձեռք կբերվեն համաձայնություններ, ավելի ճիշտ՝ այդ համաձայնությունները ձեռքբերված են 2022-ի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, հետո՝ Սոչիում, Բրյուսելում: Առանցքային սկզբունքները համաձայնեցված են, մնում է դրանք վերարտադրել խաղաղության պայմանագրի տեքստի մեջ: Ես կարծում եմ՝ մենք ունենք հնարավորություն՝ օր առաջ այդ աշխատանքն ավարտելու»:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի COP29 համաժողովը, որը Բաքվում կանցկացվի Երեւանի կողմից իր հայտը հետ կանչելու շնորհիվ, սպասվում է նոյեմբերին։ Նոյեմբերին այդ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու հնարավորության մասին, բացի Ալիեւի խորհրդական Էլչին Ամիրբեկովից, Նիկոլ Փաշինյանն էլ էր խոսել՝ մայիսի 7-ի ասուլիսում։ Այն ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Երեւանը համաձայն է մինչեւ նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ, սակայն բանակցային հարթակներում համաձայնեցված սկզբունքները պետք է արձանագրել խաղաղության պայմանագրում։ Պայմանագրի տեքստի 9-րդ մշակումները Երեւանը ստացել է Բաքվից, հայտնի չէ` արդյո՞ք իր պատասխան դիտարկումներն ուղարկել է Բաքու։ ԱԳՆ-ն այդ մասին լռում է, բայց փորձագիտական կարծիքն այն է, որ, անկախ դրանից, փաստաթղթի տեքստն Ալիեւն է գրելու՝ առաջ քաշելով նորանոր պայմաններ։

Նախօրեին, Երեւանին ուղղված հերթական նախապայմանն Ալիեւը հնչեցրեց օկուպացված Իվանյանից՝ հայտարարելով, թե «Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուի ցեղասպանությունը եւ ներողություն խնդրի»։ Որ Ադրբեջանը մշտապես փորձել է օրակարգ բերել Խոջալուի կեղծիքը, նորություն չէ, բայց, ինչպես Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանն է «Հրապարակ»-ին ասում, այս հայտարարությունը ե՛ւ նորություն է, ե՛ւ նորություն չէ։ «Նորություն է այն առումով, որ առաջին անգամ է նման հստակ կերպով Ադրբեջանի նախագահը հնչեցնում այդ պահանջը, բայց եթե հաշվի առնենք, որ պատերազմի ավարտից հետո, ընդհանրապես, Ադրբեջանի ողջ բանակցային պահվածքը կայանում է նրանում, որ նա ներկայացնում է որոշակի պահանջներ, որոնց հետագայում հայկական կողմն ինչ-ինչ հանգամանքներում համաձայնում է, նորություն չէ, այլ նախկինում որդեգրած ուղու շարունակություն»,- ասում է Միրզոյանը՝ արձանագրելով, որ Հայաստանն այսօր ոչ թե արտաքին քաղաքականության սուբյեկտ է՝ իր օրակարգով ու հստակ քայլերի հերթականությամբ, այլ ուղղակի այլ երկրների արտաքին քաղաքականության գործողությունների օբյեկտ։

«Եկեք չմոռանանք, որ մեր առջեւ ինչ-ինչ խնդիրների կատարման պահանջներ նաեւ այլ երկրներ են դնում, օրինակ՝ Թուրքիան, նաեւ այլ երկրներ՝ ոչ միայն բացահայտ թշնամական դիրքորոշում ունեցող։ Սա է մեր ամենամեծ խնդիրը՝ Հայաստանն այսօր չունի ակտիվ արտաքին քաղաքականություն։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերածվել է տարբեր երկրների ու բեւեռների կողմից առաջ քաշվող պայմանների կատարման»,- շարունակում է մեր զրուցակիցը։ Այս պայմաններում, երբ հակազդման քաղաքականություն չկա, Կարեն Միրզոյանը չի բացառում հնարավորությունը, որ Հայաստանի գործող իշխանությունը նաեւ այդ պահանջը կատարի, ու հնարավոր փաստաթղթում ինչ-որ կերպ ադրբեջանական հերթական պահանջը տեղ գտնի։

«Այս մասին առիթ ունեցել ենք խոսելու՝ այսօր բանակցային գործընթացը տեղի է ունենում կատարյալ գաղտնիության պայմաններում, եւ հանրությունը պարզապես տեղյակ չէ իրական պատկերից։ Սա աննախադեպ երեւույթ է Հայաստանի պատմության մեջ։ Երբեւէ չի եղել նման շրջան, որ այսպիսի գաղտնիություն լինի, որ հանրությունն ընդհանրապես տեղեկացված չլինի այն մասին, թե ինչ է իրականում բանակցվում, եւ բանակցությունների այս կամ այն արդյունքների մասին իմանա պոստֆակտում։ Եթե այս տենդենցը շարունակվում է, այո՛, ես չեմ ուզում հավատալ, բայց չեմ բացառում, որ նման բան կարող է տեղի ունենալ։ Ցավում եմ, բայց դա շատ հնարավոր սցենար է, եւ դրա բոլոր նախադրյալներն այսօր կան»,- ասում է նախկին նախարարը։

Միրզոյանի խոսքով, այս միտումը շարունակվելու դեպքում Հայաստանն ուղղակի վերածվելու է աշխարհագրական մի տարածքի, որտեղ անհասկանալի ծագմամբ մարդիկ են ապրում, որոնք չունեն ո՛չ պատմություն, ո՛չ անցյալ, եւ որոնց կյանքի միակ նպատակն օրվա հացն ու հաճույքը վայելելն է։ «Սա է մեզ քարոզվում իշխանական լրատվամիջոցների եւ ազդեցության արբանյակների կողմից»,- նկատում է մեր զրուցակիցը։ Նա իրատեսական է համարում մինչեւ նոյեմբեր կամ նոյեմբերին՝ COP29-ի համաժողովին փաստաթղթի ստորագրումը, եթե Հայաստանի գործող իշխանությունը շարունակի մնալ։ «Ադրբեջանը ցանկանում է ամրագրել իր հաջողությունները, նա հասկանում է, որ հաջողությունների ու հնարավորությունների այդ պատուհանն արդեն փակվելու վրա է, որովհետեւ աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում եւ ողջ աշխարհում որոշակի փոփոխությունների է ենթարկվում, ուստի Ադրբեջանը ձգտում է հնարավորինս շուտ ավարտել այս փուլը եւ ավարտել իր համար ձեռնտու տարբերակով»,- բացատրում է դիվանագետը։

Պաշտոնական Երեւանը, ի դեպ, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը Բաքվում ստորագրելու վերաբերյալ Ադրբեջանից ստացված ազդակներին չի արձագանքել։ Մինչդեռ, ըստ վերլուծաբանների, աշխարհաքաղաքական բեւեռների միջեւ հենց այդ պայքարն է գնում՝ թե որ մայրաքաղաքում է փաստաթուղթը ստորագրվելու։ Կարեն Միրզոյանն ասում է՝ սկզբունքային է բովանդակությունը, իսկ հարցն աշխարհաքաղաքական բեւեռների մրցակցության դաշտ տանելը հարցը փակուղի տանել է նշանակում։ Բաքվում անհանգստացած են նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներով։ Ալիեւն ասել էր, որ հետեւում են Հայաստանում ընթացող վերջին իրադարձություններին եւ ամեն պահ պետք է պատրաստ լինեն ու ուժեղացնեն բանակը։ Կարեն Միրզոյանը շեշտում է՝ նոր բան չի ասվել, սա ալիեւյան սպառնալիքների ավանդական քաղաքականությունն է, այլ բան է, որ այդ քաղաքականությունն աշխատում է։ Դիվանագետի խոսքով, հասարակությունը պետք է հասկանա՝ այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Հայաստանում, Հայաստանի ապագայի ու հայ ժողովրդի ճակատագրի համար է։

«Եթե Հայաստանում տեղի ունեցավ փոփոխություն, Բաքուն պետք է վերանայի իր դիրքորոշումը եւ գնա ռեալ քայլերի՝ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար։ Իրենց ծրագիրը՝ վերածել տարածաշրջանը մենաշնորհային մի դաշտի, որտեղ միայն մեկ քաղաքական խաղացող է իշխում, ուղղակի կտապալվի։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ու պաշտոնական քարոզչությունը Հայաստանի ներկայիս իշխանություններին բնութագրում են որպես ոսկե շանս Ադրբեջանի համար եւ չեն թաքցնում շահագրգռությունը, որ ներկայիս իշխանությունը պահպանի իր գոյությունը։ Ուստի շարժումը պետք է օր առաջ հաղթի, որպեսզի կարողանանք զբաղվել երկրի հարցերով՝ անվտանգության վերականգնմամբ եւ ամրապնդմամբ»,- եզրափակում է Կարեն Միրզոյանը։