12/12/2024

Երբ է Արայիկ Հարությունյանը վերջին անգամ քայլել ու շփվել ժողովրդի հետ. Իշխան Զաքարյանի հետ ինչ է քննարկել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ընդդիմության այն մեղադրանքներին, թե իշխանությունը ժողովրդի հետ չի շփվում։

Հարցին՝ ինքը վերջին անգամ ե՞րբ է քայլել ու շփվել ժողովրդի հետ, նա ասաց․ «Եթե մարշրուտը ասեմ, գանցեք խնդրեք տարբեր օբյեկտների տերերին։ Ես երեկոյան 10-ից եղել եմ Աբովյան, Մոսկովյան, Նալբանդյան, Տերյան փողոցներում, Հրապարակում, Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ վերջինս իր այդ շրջայցը չի տեսանկարահանել, Հարությունյանը դրան պատասխանեց ժպիտով։

Արայիկ Հարությունյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ անկախ պատգամավոր, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը։

Հարցին՝ քննարկե՞լ է արդյոք Հարությունյանը անկախ պատգամավորի հետ քաղաքական հարցեր, երբ նրա ստորագրությունից կարող է անվստահության հայտնման գործընթաց սկսվել ՀՀ վարչապետի նկատմամբ, վերջինս ընդգծեց․

«Չեմ քննարկել նման հարցեր։ Այն միջոցառումները, որոնք մենք իրականացնում ենք համատեղ, վերաբերում են բացառապես հասարակական, սպորտային, մարզական հարցերին։ Կամ վերաբերում են համահայկական խաղերին, առաջիկա ձմեռային խաղերին, որոնք տեղի են ունենալու Ջերմուկում»:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու հետ կապված հարցին, Հարությունյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Զաքարյանը ներկայանալու է ԱԺ հաջորդ նիստին, ուստի այդպիսի հարցերը կարող են քննարկել նրա հետ։