23/07/2024

Ադրբեջանն անգամ Ալմա Աթայի հռչակագիրը չի ուզում ֆիքսել ․․․

Ուրբաթ երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, ինչպես հայտնի է, Ազգային ժողովում փակ հանդիպում են ունեցել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Հանդիպումը տեւել է մոտ մեկուկես ժամ:

Հրապարակ թերթը գրել է․ Արարատ Միրզոյանին` ծանր օրվանից հետո ՔՊ-ականները շատ չեն անհանգստացրել հարցերով, մանավանդ որ իր խոսքում էլ Միրզոյանը հայտնել է, թե առանձնապես նորություններ չկան խաղաղության գործընթացից։ Հիշեցնենք, որ նույն օրը՝ ցերեկը, Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցները ժամեր շարունակ ԱԳՆ շենքի դիմաց ակցիա էին արել` հանդիպում պահանջելով նախարարի հետ՝ հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ որոշակի պարզաբանումներ ստանալու նպատակով։ Սակայն նախարարը չէր ընդունել շարժման առաջնորդներին, փոխարենը տեղի ունեցավ բախում, եւ մեծ թվով անձանց բերման ենթարկեցին ոստիկանություն։

Իսկ Միրզոյանի եւ ՔՊ-ի փակ հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը: Միրզոյանը խոսել է 2 շաբաթ առաջ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Ալմաթիում ունեցած հանդիպման մասին, ասել է՝ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության պայմանագրում ներառել Ալմա-Աթայի հռչակագրի մասին դրույթը: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը տարածքային մեծ նկրտումներ ունի: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ պայմանագրի համաձայնեցված դրույթներում հղում արվում է հիշյալ հռչակագրին, սակայն Միրզոյանը հակառակն է պնդել: Փաշինյանի հայտարարությունը վերաբերում էր Տավուշի համաձայնեցված «սահմանազատմանը», որն իբրեւ թե տեղի է ունենում հիշյալ հռչակագրով արձանագրված սահմանների համաձայն։

Արտգործնախարարը ոգեւորությամբ տեղեկացրել է, որ Ադրբեջանի մերժողական պահվածքն անգամ Թուրքիան չի ընդունում եւ հորդորում է հռչակագրի դրույթն ամրագրել պայմանագրում: Նկատի ունի` եթե համաձայնագրի տեքստում ամրագրվի Ալմա-Աթայի հռչակագիրը, կնշանակի՝ ճանաչում է Հայաստանը 29,8 հազար ք/կմ տարածքում, ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ: Հարց է հնչել՝ եթե Ադրբեջանը մերժում է, ապա ո՞ր սահմաններով է պայմանագիր ուզում կնքել։

Միրզոյանը պատասխանել է, որ այդ մասին Ադրբեջանը չի ասում, այսինքն՝ ուզում է ինքը գծել ՀՀ սահմանները։ Սահմանազատման գործընթացին անդրադառնալով՝ նախարարն ասել է. դեռ չգիտեն, թե հաջորդը որ տարածքում կսկսեն «սահմանազատումը», իհարկե՝ հայկական կողմը նախընտրում է Ջերմուկի եւ այն հատվածները, որոնք օկուպացվել են ադրբեջանական զինուժի կողմից, սակայն, նախարարի խոսքով, Ադրբեջանը ցավագին է ընդունում թեկուզ  մեկ միլիմետր հող զիջելու հեռանկարը:

Ասել է՝ անգամ Ոսկեպարի հայտնի եռանկյունին, որը, ըստ սահմանազատման հիմքում դրված քարտեզների, ադրբեջանական է, ադրբեջանցիները նախընտրեցին թողնել մեզ, որ ստիպված չլինեն Բերքաբերի մեր տարածքները վերադարձնել: Խոսվել է նաեւ Իրանում հայտնի ավիավթարի հետեւանքով առանցքային պաշտոնյաների փոփոխության եւ Հայաստանի նկատմամբ վարվելիք նոր քաղաքական կուրսի մասին։ Նախարարը կարծիք է հայտնել, որ քաղաքական կուրսի փոփոխություն, մեծ հաշվով, տեղի չի ունեցել ու տեղի չի ունենա։