20/07/2024

Որքան կլինեն հունիսին սպասվող առավելագույն ջերմաստիճանները ՀՀ ողջ տարածքում․ Սուրենյանը ներկայացրել է

Հունիս ամսվա ընթացքում ՀՀ ողջ տարածքում տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի, իսկ օդի ջերմաստիճանը՝ նորմայի սահմաններում։

Տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Իսկ ի՞նչ է նշանակում նորմայից ավելի տեղումներ, Սուրենյանը ներկայացրեց․ «Դա չի նշանակում, որ տեղումները կլինեն այնպիսին, ինչպիսին մայիս ամսին են եղել»։

Վերջինս թվարկեց նաև հունիսին սպասվող առավելագույն ջերմաստիճանները։

Այսպիսով՝ Շիրակում օդի ջերմաստիճանը արևադարձային տաք օդի ներթափանցման դեպքում ցերեկը կարող է հասնել 28-32 աստիճանի, Կոտայքի լեռնային գոտիներում՝ 27-30, նախալեռնային գոտիներում՝ 30-33, Գեղարքունիքում՝ 26-29, Լոռիում՝ 28-32, Տավուշում՝ 30-33, Արագածոտնի լեռնային գոտիներում՝ 26-29, նախալեռնային՝ 30-34։

Արարատյան դաշտում և Վայոց ձորի նախալեռնային հատվածներում ջերմաստիճանը կհասնի 36 աստիճանի, Վայոց ձորի լեռնային հատվածում՝ 25-28, Սյունիքի հովտային գոտիներում՝ 34-37, նախալեռներում՝ 28-31։

Երևանում ամսվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանը կանխատեսվում է 34-ից 36 աստիճան։

Գագիկ Սուրենյանը ներկայացրեց առաջիկա օրերին սպասվող եղանակային կանխատեսումները:

Ըստ նրա՝ հունիսի 4-ի կեսօրից մինչև երեկո հանրապետության առանձին հատվածներում կլինեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Հունիսի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունիսի 7-ից սկսած՝ Սև ծովի շրջաններից ՀՀ-ին է մոտենում հերթական ցիկլոնը, որը բավականին ակտիվ է լինելու։

«Եթե հունիսի 7-ին նրա գործունեության արեալը կընդգրկի Շիրակը, Լոռին, Տավուշը, Կոտայքն ու Գեղարքունիքը, ապա հունիս 8-ից 14-ը ՀՀ ողջ տարածքը կլինի այդ ցիկլոնի ազդեցության գոտում։ Հունիսի 7-ին հյուսիսային շրջաններում, 8-ից 14-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ մեծ մասի շրջաններում, հատկապես՝ գիշերն ու կեսօրից հետո, սպասվում են անձրև ու ամպրոպ, առանձին հատվածներում մեծ է կարկտահարությունը։ Առանձին օրերին ՀՀ առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտեսիվ»,- ասաց նա։

Սուրենյանի խոսքով՝ մինչև հունիսի 7-ը ներառյալ ՀՀ-ն գտնվելու է հարավ-արևելքից ներթափանցող տաք օդային ազդեցության գոտում, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանը կլինի հունիսի 6-ից մինչև 7-ն ընկած ժամանակահատվածում, մայրաքաղաքում և Արարատյան դաշտում կհասնի մինչև 35 աստիճանի։

Հունիսի 7-ից սկսած՝ տաք օդային ալիքը նահանջելու է, երկրում զովություն բերող հոսանք է ներթափանցելու։ ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։ Հունիսի 11-ին ջերմաստիճանը կլինի +25-+26 աստիճանի սահմաններում։

Օդերևութաբականական պատմության ընթացքում մայիս ամիսը բացառիկ է եղել։։

«Մայիսը հայտնի է որպես ամենախոնավ ամիսը հանրապետությունում, բայց այս տարի տեղումների քանակը բացառիկ առատությամբ հանդես եկավ, որի պատճառը ինչպես Միջերկրական ծովից, այնպես էլ հարավից, հարավ-արևմուտքից, արևմուտքից ներթափանցող ցիկլոներն էին»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ մայիսի 31-ին տեղումները կազմել են նորմայի 200-ից 270 տոկոսը, իսկ Լոռիի հատվածում միայն մայիս ամսվա ընթացքում դրանք եղել են Արարատյան դաշտի տարեկան տեղումների չափ։

Ըստ Սուրենյանի՝ մայիսը աչքի է ընկել նաև կարկտահարությունների բացառիկ առատությամբ, եղել են ինտեսիվ դեպքեր։ Վերջին կարկտահարության դեպքը Վարդենիսի հատվածում հասել է 2-3 սմ-ի։