Գազալցակայանի պայթյունի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու տուժածի կյանքի համար բժիշկները պայքարում են։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ տուժածներն ունեն մարմնի մակերեսի 60 տոկոսի այրվածք, այդ թվում՝ թոքային հյուսվածքի վնասում․ «Նրանք ունեն 3-4-րդ աստիճանի այրվածքների խորություն: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքի պայքար է գնում հիմա: Ծանր վիճակում գտնվողները շոկային վիճակում են, դրա համար մենք միջամտում ենք, որ անջատենք իրենց գիտակցությունը, որ ցավային ռեակցիան շատ արտահայտված չլինի»։
Մյուս 4 տուժածների վիճակը, ըստ բժշկի, գնահատվում է միջին ծանրության, կայուն:
«Նրանք գտնվում են բաժանմունքում, վիրակապություններ և համապատասխան բուժում են ստանում: Նրանց մոտ այրվածքի մակերեսը 20-25 տոկոս է՝ մոտավորապես 2-րդ աստիճանի խորությամբ: Այս պացիենտները ոտքի վրա են, գիտակցությունը տեղն է, իրենք իրենց սպասարկում են: Հիմա որոշակի միջամտություններ ենք կատարում, որից հետո հարազատներին թույլ կտանք մոտենալ»,- ասել է նա:
Հարցին՝ ո՞ր հատվածներում են այրվածքներ ստացել, վերջինիս նշել է՝ դա կախված է նրանից, թե բոցի պահին տուժածները ինչ դիրքով են եղել: Հիմնականում այրվածքները ուսագոտու շրջանում են և վերջույթներին։
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների մոտ գրեթե ամբողջությամբ այրված են վերջույթներն ու մեջքը: Տուժածներից 6-ը միջին տարիքի տղամարդիկ են, մեկը՝ կին, որը ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներից մեկի կինն է: Նա դուրս է գրվել, դրսում է:
Հովհաննիսյանը նկատել է, որ կարևոր է վիճակի փոփոխությունը 5-7-րդ օրը և 7-10-րդ օրը, երբ թունավորումը հասնում է իր մաքսիմալ աստիճանին․ «Այս օրերին մենք սպասում ենք պացիենտի վիճակի վատացում: Այս պահին գնահատել, թե ի՞նչ է լինելու, չենք կարող»։
Բաց մի թողեք
Ովքե՞ր կկարողանան ավանդների փոխհատուցում ստանալ
Խորթ մայրը քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինը խնամքի կենտրոնից տեղափոխվել է հիվանդանոց
Վրաերթի ենթարկված 35-ամյա հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ շտապօգնությունը ուշացումով է ժամանել․ Լուսանկար