14/07/2024

Հայաստանի կողմից ներդրումներից հրաժարվելու պատճառով անհրաժեշտ է ՀԱՊԿ բյուջեի ճշգրտում. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է վճարել ՀԱՊԿ-ին ուղղված ներդրումը, ուստի կազմակերպությունը ստիպված կլինի ճշգրտել ընթացիկ տարվա բյուջեն։

Այս մասին «РИА Новости»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Դիվանագիտական գերատեսչության տվյալներով՝ ՀԱՊԿ-ն այժմ աշխատում է բյուջեի հետ կապված հարցերի վրա։ ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ մուծումների վերաբաշխման հարցը դեռ չի քննարկվում։ Դիվանագետներն ասել են, որ բյուջեն ճշգրտվելու է համապատասխան կառույցներում աշխատողներին Հայաստանի կողմից հետ կանչելու պատճառով։

«Որոշ պարամետրերով ՀԱՊԿ քարտուղարությունը և ՀԱՊԿ միացյալ շտաբը կրճատել են իրենց ծախսերը»,- հավելել են ԱԳՆ-ում։

Գերատեսչությունում նաև նշել են, որ ՀԱՊԿ-ը կշարունակի բնականոն գործունեությունը։

Հիշեցնենք, որ փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կազմակերպությանը հանրապետության անդամակցության սառեցման մասին։

Մայիսին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ 2024 թվականին Երևանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը։

ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ Հայաստանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ և հույս հայտնել, որ Երևանը կվերադառնա ՀԱՊԿ: