12/12/2024

Սարսափի «աչքերը». Նիկnլ Փաշինյանին նորից հաջողվեց հայի արյուն թափել

Երեկ Նիկոլ Փաշինյանն այլևս անկարող եղավ թաքցնել իշխանությունը կորցնելու և հայ ժողովրդի առջև պատասխան տալու իր սարսափները:

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախ՝ խորհրդարանում սկսեց անկանոն գոռգոռալ, ջղաձիգ շարժումներ անել, իսկ նիստերի դահլիճ մտնելիս անընդհատ անհանգիստ շուրջբոլորն էր նայում: Հետո նա նիստի ժամանակ բախում սադրեց պատգամավորների միջև: Ընդ որում՝ այդ ամենը, բնականաբար, նա անում էր հազարավոր ոստիկաններով շրջափակված խորհրդարանում: Նա Բաղրամյան ու Դեմիրճյան փողոցներն էր լցրել ոստիկաններ նաև մարզերից՝ ըստ էության տեղերում գրեթե ոստիկան չթողնելով:

Ավելին, լրատվամիջոցները կադրեր հրապարակեցին, որ մինչ ԱԺ նիստը սկսելը թիկնապահները հատ-հատ ստուգում էին բոլոր նստարանները, ժամեր շարունակ ուժայինները շրջափակել էին նիստերի դահլիճը, նույնիսկ պատգամավորների առանձնասենյակները: Մի խոսքով, խորհրդարանի տարածքն էլ էին լցրել անվտանգության աշխատակիցներով: Հետո եղավ այն, ինչ օրեր շարունակ զգուշացնում էին թե՛ քաղաքական գործիչները, թե՛ փորձագետները, թե՛ լրատվամիջոցները:

Նրա ուղիղ հրահանգով ոստիկանները վայրագորեն հարձակվեցին հայ ժողովրդի վրա, ինչի արդյունքում կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ լրագրողների շարքում: Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հերթական անգամ հայի արյուն թափել, իսկ ինքը պարզապես ճողոպրեց Ազգային ժողովից: Ո՛չ հայի արյուն թափելու, ո՛չ ճողոպրելու առումով սա նրա կյանքի առաջին դեպքը չէ: Մեղմ ասած՝ առաջինը չէ… Մնում է հասկանալ՝ մինչև երբ է հաջողվելու ոստիկանության թիկունքում թաքնվել…