13/07/2024

Իշխանության ներկայացուցիչները ծրագրում են ամառային արձակուրդները. նշում են, որ Սրբազան պայքարն արդեն մարել է

Նիկոլ Փաշինյանին թիմակիցները ներկայացրել են, թե ընդդիմությանն արդեն «իրենց տեղն են դրել», իսկ սրբազան պայքարն արդեն «վերջնակետին» է հասել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ըստ մեր աղբյուրների՝ իշխանության ներսում շատ մտահոգված են եղել հունիսի 12-ի հավաքով, որը հանգուցալուծվեց բախումով, վիրավորներով ու ձերբակալություններով, բայց իրավապահներին հաջողվել է հասնել ցանկալի նպատակին:

Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունների համար այլեւս վտանգներ չկան, քանի որ արդեն «կոտրել են» շարժման ողնաշարը, իսկ Բագրատ սրբազանն արդեն հուսալքված է, քանի որ, ըստ նրանց, հանրապետությունը չի ցանկանում բիրտ ուժի մասնակիցը դառնալ:

Մենք տեղեկացանք նաեւ, որ հայրենի իշխանության ներկայացուցիչներն արդեն պլանավորում են, թե ինչպես են անցկացնելու իրենց ամառային արձակուրդները տարբեր երկրներում. հայրենի նախարարները հերթով արձակուրդի կմեկնեն, իսկ օրենսդիր մարմինն արդեն ավարտում է իր նստաշրջանը: Գուցե արտահերթ նիստեր լինեն, բայց դա չի խանգարի իշխանության անդամներին իրենց արձակուրդը վայելելու համար:

Կարելի է ասել, իշխանությունը փորձում է անցնել իր բնականոն կյանքին, նաեւ հանրապետությանը ցույց տալու համար, որ իրենց մոտ ամեն բան կարգին է, իսկ Սրբազանի առաջանորդած շարժումն իրենց չի մտահոգում»: