21/05/2025

Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել

Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, ԼՀԿ անդամ Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել։

«Հրապարակ» թերթը գրել է․ Սամսոնյանը համաձայն չէ կուսակցության՝ նախագահի կողմից վարվող քաղաքական գծին եւ կարծում է, որ պետք է հստակ դիրքավորվել ընդդիմադիր դաշտում: Նա բացահայտ աջակցություն է հայտնել շարժմանը։

Մեզ պատմեցին, որ շաբաթներ առաջ թեժ խոսակցություն է եղել կուսակցական ակտիվում, որի արդյունքում Սամսոնյանը ԼՀԿ-ն լքելու որոշման մասին է հայտնել։ Սամսոնյանը գրե՞լ է դիմում, թե՞ ոչ՝ երեկ հարցրինք կուսակցության քաղխորհրդի անդամ Դավիթ Խաժակյանին, ով պատասխանեց, թե չի մեկնաբանում այդ տեղեկությունները։

Ի դեպ, ԼՀԿ-ն թեպետ հանդիպեց Բագրատ սրբազանին, մասնակցեց վերջինիս նախաձեռնությամբ քաղաքական ուժերի համատեղ հանդիպմանը, սակայն որոշակի վերապահումներ ուներ շարժման նկատմամբ: Մարուքյանը նախապայման էր առաջ քաշում՝ հայտարարվի, որ շարժման հաջողության դեպքում նախկինները չեն վերադառնալու, նոր իրենք կմիանան։

Մինչդեռ Անի Սամսոնյանին կարելի էր հաճախ տեսնել սրբազանի հանրահավաքներում: Եվ Տավուշից Երեւան շարժվելու մասին սրբազանի հայտարարությունից րոպեներ անց էլ նա իր էջում գրել էր. «Սրբազանին սպասում ենք Երեւանում»։