21/07/2024

Երևանում մեկնարկել է Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովը

Երևանում մեկնարկել է Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովը, որտեղ բացման խոսքով հանդես են եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման։

Նման ձևաչափով առաջին անգամ անցկացվող այս համաժողովը մեկ հարկի տակ էր հավաքվել տեղական ինքնակառավարման, նահանգային և մարզային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց՝ կարծիքներ փոխանակելու ժողովրդավարական հասարակարգում տեղական օղակի առաջնորդների դերի ու գործունեության վերաբերյալ։

Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է ԱՄՆ պետքարտուղարության Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա Հաչիգյանը, նրան ուղեկցում է Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն։ Պատվիրակության կազմում են Գլենդելի (Կալիֆորնիա) քաղաքապետ Էլեն Ասատրյանը, Կալիֆորնիայի նահանգապետարանի Պլանավորման և հետազոտությունների գրասենյակի տնօրեն Սեմուել Ասեֆան, Փասադենայի (Կալիֆորնիա) քաղաքապետ Վիկտոր Գորդոն, Սքրենթոնի (Փենսիլվանիա) քաղաքապետ Փեյջ Կոնյետին, Լոս Անջելեսի (Կալիֆորնիա) քաղաքապետարանի տեղեկատվական կառավարման գրասենյակի պետ Թեդ Ռոսը, Հելենայի (Մոնթանա) քաղաքապետ Վիլմոնտ Քոլինսը և Կանզասի նահանգապետարանի գյուղատնտեսության դեպարտամենտի պետի տեղակալ Քելսի Օլսոնը։

Հայաստանից մասնակցում են Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Վանաձորի համայնքապետարանի Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար և գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչպես նաև Հայաստանի մի շարք այլ պաշտոնյաներ՝ պետական կառավարման տեղական, մարզային և կենտրոնական օղակներից։

ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման ժամանել է Հայաստան։

X-ի իր միկրոբլոկում նա լուսանկար է հրապարակել և գրել․ «Բարև, Երևան։ Հաճելի է լինել Հայաստանում՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերության առանցքային նպատակներն առաջ մղելու և մեր երկրների համար ավելի լավ ապագա կերտելու համար աշխատելու: Իհարկե, սպասում եմ նաև համեղ դոլմայի և լավաշի»։

ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին։

Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Ռիչարդ Վերմային ուղեկցել են դեսպան Քվինը, Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուը, Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա Հաչիգյանը և ԱՄՆ քաղաքային ու նահանգային մարմինների ներկայացուցիչները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման հունիսի 17-19-ը պաշտոնական այցով կժամանի Երևան։