19/02/2025

Քաղաքը մի օր կանգնելու է, եթե ոչ մի միջամտություն չլինի․ Ավինյանը՝ տրանսպորտային երթուղիների առանձնացման մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձավ ավտոբուսային առանձին գծերի վերաբերյալ ֆրանսիական կողմի հետ քննարկումներին։

Նրա խոսքով՝ ուսումնասիրվել ու վերլուծվել է Երևանի ճանապարհային ցանցը, մշակվել կարճաժամկետ ու երկարաժամկետ գործողությունների ծրագրեր՝ հասարակական տրանսպորտի առանձնացված գծերի ամբողջական երթուղիների ներդրման մասով։

Ըստ նրա՝ Երևանի ու Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի միջև համագործակցային ծրագրերում ֆրանսիացի գործընկերները ներկայացրել են ռիսկերի հետ կապված վերլուծություն։

«Ակնհայտ է, որ փոփոխություններն անխուսափելի են, որ նույնիսկ դրա հավելյալ հանրային քննարկման կարիք չկա։ Այստեղ ճաշակի հարց չէ, ռեֆորմի անհրաժեշտության հարց է, և մենք պետք է շարժվենք փուլային», – ասաց նա։

Վերջինս նկատեց՝ պետք է սկսել հիմնական երթուղիներից, որտեղ տրանսպորտային ամենամեծ ծանրաբեռնվածությունն է, հաջորդ փուլում կգնան շինարարական միջամտությունների՝ փողոցների առանձնացումը բետոնային կամ եզրաքարային տրամաբանությամբ, ինչպես արված է Փարիզում։ Ըստ նրա, մեքենաների աճի տենդենցը տեսնելով, ենթադրվում է՝ քաղաքը մի օր կանգնելու է, եթե ոչ մի միջամտություն չլինի. «Մեքենաների համար կյանքը բարդացնում ենք, բայց այդ կյանքն ինքնըստինքյան է բարդանում՝ անկախ գործողություններից։ Հասարակական տրանսպորտով երթևեկող մարդկանց համար կյանքն էապես հեշտանում է»։

Քաղաքապետի կարծիքով՝ այն քաղաքներ, որոնք այդ քայլերը չեն արել, ավելի վատ հետևանքների առաջ են կանգնած։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ առաջարկեց ոստիկանության գործընկերների հետ քննարկել և ՏԻՄ օրենքում առաջարկել փոփոխություններ, որոնք կվերաբերեն ավտոմեքենաների հետ կապված պատահարներին, այն է՝ ավտովթարների դեպքում մեքենաները երթևեկելի մասից հեռացնելուն առնչվող փոփոխությանը։

Քաղաքապետը նկատեց, որ հաճախ վթարի վնասը մինչև 230 հազար դրամի է, բայց վթարի պատճառով առաջացած խցանումների պատճառով միլիոնավոր դրամների բենզին է վատնվում․

«Կարծում եմ, որ առավելագույն ժամկետը, որ այդ ավտոմեքենաները պետք է հեռացվեն, 15 րոպեն է: Հիմա պրակտիկան ոնց որ թե մի փոքր ավելի բարելավվել է, բայց ոնց որ թե ամրագրումն օրենքում մեզ պետք է լինելու: Նաև պետք է հասկանալ՝ դրան զուգահեռ որևէ այլ մեխանիզմ պե՞տք է ստեղծել, թե՞ չէ:

Կարծում եմ՝ հասկանալի են նաև ապահովագրական ընկերությունների խնդիրները, բայց ինձ թվում է, որ մենք միակ երկիրն ենք կամ միակ քաղաքն ենք աշխարհում, որ նման շռայլություն է թույլ տալիս, որ ռիսկերը ապահովագրական ընկերությունների համար բացառված են, և բոլորս պետք է սպասենք, որ մինչև վերջին դրամը հստակ իմանան՝ այո՛, 233.000 դրամի վնաս է եղել»,- ասաց նա։

Ըստ նրա՝ 15 րոպեն առավելագույն ժամկետն է, որ մեքենաները պետք է դուրս գան ճանապարհի երթևեկելի հատվածից։