27/12/2024

Դանակահարված վարորդը վիրավոր վիճակում մեքենան վարելով հասել է հիվանդանոց

Հունիսի 18-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փափազյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «3 ցայտաղբյուրի» մոտ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում դանակահարված քաղաքացի կա:

Ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են նշված ավտոմեքենան, որի սրահում և ավտոմեքենայի վրա՝ դրսի հատվածում, հայտնաբերել են արնանման հետքեր: Արյան հետքեր են հայտնաբերվել նաև «3 աղբյուրի» մոտ:

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ դանակահարված վիճակում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 1 հոգու տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 66-ամյա Համլետ Հ.-ն է:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները դեպքի որոշ հանգամանքներ պարզել են։ Դեպքը տեղի է ունեցել ավտոմեքենայի հայտնաբերման վայրից մոտ կես կիլոմետր հեռավորության վրա, իսկ հիվանդանոց տեղափոխվածը վիրավոր վիճակում է ավտոմեքենան վարել և հասել մինչև նշված վայր: