20/07/2024

«Երևանի Ավտոբուսը» շուկայականից 1․5 անգամ թանկ է վճարել GPS սարքերի համար

Նախորդ տարվա օգոստոսին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստերից մեկում զեկուցվեց, որ մայրաքաղաքը սպասարկող ավտոբուսների վրա սկսվել է GPS սարքերի տեղադրումը։ Այս կապակցությամբ քաղաքապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտարարել էր․ 

«Սա նույնպես կարևորագույն մեր խոստացած բարեփոխումներից մեկն է հանրային տրանսպորտի ոլորտում, որովհետև հանրային տրանսպորտի ոլորտում միայն շարժակազմ փոխելը բարեփոխում չի։ Միայն հին գազելները վերացնելով նոր ավտոբուսներ բերելը դա դեռ բարեփոխում չի։ Բարեփոխումը էս համակարգային լուծումներն են․ միասնական տոմսային համակարգը, շարժակազմի GPS սարքերի տեղադրումը շարժակազմի վրա․․․»։

Իրականում, սակայն, տեղադրված սարքերի գնման հետ կապված կան մի շարք խնդիրներ, որոնցից մեկին կանդրադառնանք ստորև։

Այս սարքերի տեղադրումը հնարավոր է դարձել նախորդ տարվա հուլիսին «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ի ու «ՀԷՔՍԱԴԱ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի շնորհիվ։

Ապրանքը ձեռք է բերվել շուկայականից էականորեն թանկ գնով

Սարքերը, որոնք ձեռք է բերել «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ն, նախատեսված են մայրաքաղաքի ավտոբուսների վրա տեղադրելու և իրական ժամանակում դրանց շարժին հետևելու համար։ Թեև հայտարարված մրցույթն անցկացվել է մրցութային ընթացակարգով (էլեկտրոնային աճուրդ), ինչը ենթադրում է, որ պետք է ապահովվեր մրցակցայնություն և ձեռք բերվող ապրանքի նվազագույն գին, սակայն իրականում դա այնքան էլ միանշանակ չէ։

Մրցույթին մասնակցել էին ընդամենը երկու կազմակերպություններ, սակայն հետադարձ աճուրդի ընթացքում կազմակերպություններից մեկը՝ «Գ․Գ․Է հոլդինգ» ՍՊԸ-ն, առաջարկել էր մոտ 10 անգամ բարձր գին՝ 600 մլն դրամ, ինչի հետևանքով մյուս մասնակիցը՝ «ՀԷՔՍԱԴԱ» ՍՊԸ-ն, հաղթող էր ճանաչվել 64 մլն 960 հազար դրամ գնառաջարկով։

Թվով 448 սարքերի ձեռքբերման համար վճարվել էր մոտ 65 մլն դրամ, այսինքն՝ մեկ սարքն արժեցել էր 145 հազար դրամ։

Մինչդեռ համացանցում պարզ որոնման միջոցով կարող ենք տեսնել, որ ձեռք բերված Teltonika RUT956 մոդելի ցանցային սարքավորումների համակարգի շուկայական գինը տատանվում է 90-100 հազար դրամի շրջանակներում։

Այս կապակցությամբ «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ից հետաքրքրվել էինք, թե արդյո՞ք մինչև մրցույթ հայտարարելը կատարվել էր շուկայի ուսումնասիրություն, և եթե այո, խնդրել էինք տրամադրել ուսումնասիրության արդյունքները։ Պատասխանեցին, որ կատարվել են շուկայի ուսումնասիրություններ «հեռախոսազանգերի, ինտերնետ կայքերով փնտրելու և բանավոր հարցումների ձևով՝ ապրանքի գնի և բնութագրի որոշման նպատակով», սակայն այդ ուսումնասիրությունների արդյունքներն այդպես էլ մեզ չտրամադրվեցին։

Երկրորդ հարցմամբ խնդրել էինք բացատրել, թե ինչպե՞ս է ստացվել, որ շուկայի ուսումնասիրություն կատարվել է, սակայն սարքերը ձեռք են բերվել շատ ավելի թանկ գնով։ Ուղարկել էինք նաև մի քանի հղումներ, որով ակնհայտ էր դառնում, որ ապրանքի շուկայական գինն իրականում շատ ավելի էժան է։

«Ապրանքը ներմուծելիս պետք է վճարել ԱԱՀ և մաքսատուրք, ինչը Ձեր գրության մեջ նկատի չեք ունեցել, տեղեկացնում եմ նաև, որ դոլարի փոխարժեքը 2022 թվականին եղել է 440 դրամ։ Հետևաբար, եթե կատարենք մաթեմատիկական հաշվարկ, ապա ստացվում է 100 հազար + ԱԱՀ + մաքսատուրք և դոլարի փոխարժեք, ապա հավասար է 145 հազար դրամ»,- պատասխանել էին «Երևանի Ավտոբուսից»:

Ըստ այդմ, մենք էլ որոշեցին հետևել ընկերության խորհրդին և կատարել մաթեմատիկական հաշվարկ։

Ինչպես մրցույթի մասին հայտարարություն տարածելը, այնպես էլ սարքերի ձեռքբերումը կատարվել է ոչ թե 2022 թվականին, այլ 2023 թվականի ամռանը, իսկ դոլարի փոխարժեքը նախորդ տարվա ամռանը կազմել էր 385-390 դրամ, այսինքն՝ 2022 թվականի փոխարժեքի մասին հիշատակումն այս դեպքին առնվազն վերաբերելի չէ։

Այս սարքերի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) 8517 62 000 է։ Իսկ այս ապրանքային խմբում ընդգրկված ապրանքներն օրենքով ազատված են ԱԱՀ-ի վճարումից։

Ինչ վերաբերում է մաքսատուրքին, ապա ըստ ԵԱՏՄ մաքսային միության կողմից սահմանված մաքսային դրույքաչափերի՝ այս ապրանքային խմբի համար մաքսատուրք սահմանված չէ (0%)։

Այսինքն, «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանն այն մասին, որ 100 հազար դրամանոց ապրանքի 145 հազար դրամով ձեռքբերումը հիմնավորված է 2022 թվականի դոլարի փոխարժեքով, ԱԱՀ և մաքսատուրքի վճարումներով, որևէ կերպ չի հիմնավորվում․ այս ապրանքներն ազատված են ինչպես մաքսատուրքից, այնպես էլ ԱԱՀ վճարումից։ Այսպիսով, եթե այս բոլորը գումարենք իրար՝ կստացվի․

100 հազար + ԱԱՀ 0% + մաքսատուրք 0% + դոլարի փոխարժեք (փոփոխությունը՝ 0%) հավասար է 100 հազար դրամ

Իսկ եթե հաշվի առնենք  «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պնդումն այն մասին, թե մինչ սարքերի ձեռքբերումն իրականացվել է շուկայի ուսումնասիրություն, ապա կարող ենք պնդել, որ ընկերությունում ծանոթ էին այս ապրանքի շուկայական գնին, ինչը չի խանգարել, որ ապրանքը ձեռք բերվի շուկայականից 1,5 անգամ թանկ գնով։

Ի դեպ, այս գնումը շատ պատահականորեն կատարվել էր Երևան քաղաքի ավագանու ընտրությունների նախաշեմին։

Սևադա Ղազարյան