Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է:
Այս մասին՝ ի պատասխան Բաքվից հնչող հայտարարությունների, հաղորդագրություն է հրապարակել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը:
Նշենք՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրվող զենքերը ոչ թե պաշտպանական, այլ մահաբեր և հարձակողական հրետանային կայանքներ են: Ըստ պաշտոնական Բաքվի՝ նման զինատեսակներով Հայաստանին զինելը, «չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացմանը, Հարավային Կովկասումսադրիչ գործունեության հերթական վկայությունն է»:
ՀՀ ԱԳՆ-ն հիշեցնում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը բարձրագույն մակարդակում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է այս սկզբունքին և միջազգայնորեն ճանաչված իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի:
«Հայաստանի Հանրապետությունն այս մոտեցումը գործնականում ապացուցել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի չորս գյուղերի շրջանում սահմանազատում իրականացնելու նախաձեռնությամբ:
Ադրբեջանին կոչ ենք անում վերջ դնել ՀՀ ավելի քան 30 գյուղերի կենսական նշանակության տարածքների օկուպացիային»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր բողոքական հայտարարության մեջ հավելել էր, թե «Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմականացման և աշխարհաքաղաքական ինտրիգների քաղաքականություն վարող Ֆրանսիան խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմանը»:
Այնուհետ, շարունակելով սեփական մեղքերը Հայաստանի վրա բարդելու քաղաքականությունը, պաշտոնական Բաքուն պնդել է, թե իբր Հայաստանը, ձեռք բերելով նոր զինատեսակներ, ուղի է բացում դեպի նոր պատերազմ:
«Արյունալի ռազմական ագրեսիայի փորձ ունեցող Հայաստանի վերազինումը և Հայաստանի ղեկավարության կողմից ռևանշիզմի քաղաքականության աջակցությունը քաղաքական անպատասխանատվության դրսևորում է՝ ճանապարհ բացելով դեպի նոր պատերազմ»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Պատասխանելով այս փուչ և հիմքից զուրկ պնդումներին, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է.
«Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:
Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս, ինչպես նաև այն փաստի վրա, որ 1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երևանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք»:
Հիշեցնենք՝ Ֆրանսիան «CAESAR» հրետանային համակարգեր կմատակարարի Հայաստանին: ՀՀ պաշտպանության նախարարի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում հունիսի 17-ին այս մասին կնքվել է պայմանագիր:
Բաց մի թողեք
Ինչ են քննարկել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները սահմանին. Ռուբինյանն ասաց՝ հանդիպումը գաղտնի չի եղել
Գնդակահարության պատ. Փաշինյանը կոչ է արել վերջին գրառման տակ թողնել իրեն ուղղված մեղադրանքները
Ահավոր վատ կզգամ, եթե մարդիկ ասեն, որ ընտրությունից ընտրություն եմ գյուղ կամ մարզ գնում. Փաշինյան