Մի քանի օր առաջ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը մամուլի ասուլիս տվեց՝ իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ, եւ մի քանի ծրագրեր ներկայացրեց, որոնք պետք է կործանումից փրկեն Հայաստանի Հանրապետության ամենաանկումային ոլորտը՝ գյուղատնտեսությունը:
Հրապարակ թերթը գրել է․ Փրկօղակը փոխհատուցումներն են, որոնք կառավարությունն առաջարկելու է գյուղացիներին, տարբեր բնագավառներում: Օրինակ, մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրով, որն իրականացվելու է ՀՀ չորս մարզում, մեղվաբույծներին փոխհատուցվելու է մեղվափեթակների 50 տոկոսը։ Ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագրով նախատեսված է խթանել տոհմային անասունների ներմուծումը:
«Պլանավորում ենք նոր ներմուծված տոհմային ոչխարների եւ այծերի համար փոխհատուցել մինչեւ գնի 50 տոկոսը, ոչ ավելի, քան 450 հազար դրամ, մեր ցեղերի որակն ենք բարձրացնում»,- հայտարարեց նախարարը: Բարձրացվելու է խելացի անասնաշենքերի՝ գոմերի կառուցման կամ վերանորոգման համար տրվող փոխհատուցման շեմը: Արդյո՞ք սրանք են մեր անասնապահության առաջնահերթ պահանջները․ տպավորություն ունեմ, որ մեր ոչխարաբույծներն ու այծաբույծներն ավելի պարզ ծրագրերի կարիք ունեն, քան տոհմային անասունի ներմուծման խթանումն է:
Գյուղատնտեսության փորձագետ Հարություն Մնացականյանը կարծում է, որ ոչխարաբուծությունը Հայաստանում ունի լուրջ խնդիրներ, որոնք պետք է կոմպլեքս լուծվեն, իսկ միայն ներմուծումը խթանելը փողերի անիմաստ մսխում-վատնում է լինելու, որն առավելագույնը կարճաժամկետ էֆեկտ է տալու:
«Իրենք սխալ ուղու վրա են: Ոչ թե ներմուծման համար պետք է արվի փոխհատուցում, այլ պետք է աշխատեն սելեկցիոն կայանների վրա, որ նորմալ սելեկցիա արվի, Հայաստանին հարմարեցված ստանան, թե չէ՝ դառը փորձ կա: Քանի տարի արտասահմանից բերեցին տարբեր կլիմաների չհարմարված անասուններ, որոնք սատկեցին, վերացան, ու էլի կանգնեցինք կոտրած տաշտակի առաջ: Սովետական շրջանում, մինչեւ 90 թիվը մենք ունեցել ենք 2 մլն 400 հազար գլուխ մանր եղջերավոր անասուն Հայաստանում՝ ոչխարներ ու այծեր: Սրա փոխարեն այսօր 500 հազար էլ չկան, գումարած՝ այնքան է դեգրադացվել ճյուղը, որ տարբեր խաչասերումների հետեւանքով անասունների որակը բավականին ընկել է: Միայն դորպեր ոչխարի նորմալ որձն արժե 3 հազար եվրո: Գյուղացին կյանքում չի տա այդքան, դորպեր գնա բերի»,- ասում է նա:
Հնարավոր են նաեւ չարաշահումներ: «Կարող է որոշ տնտեսվարողներ հաշվեն, որ եթե ոչխարը բերեն, պետությունն էլ 50 տոկոս սուբսիդավորի, ու մորթեն, մսի տեղ ծախեն, պետությունը չի էլ կարողանալու վերահսկել, ու ինչ-որ կարճ ժամանակում էդ գումարը կմսխվի, ու կկանգնեն փաստի առաջ»:
Մեղվաբույծներին են ուզում փոխհատուցումներ տալ՝ մեղվափեթակների 50 տոկոսը փոխհատուցելով։ Սա է՞լ չի բերի ցանկալի արդյունքի: «Այստեղ էլ ուրիշ խնդիր կա: Մեղվաբուծությունը Հայաստանում ամենախիստ անհրաժեշտ ճյուղերից մեկն է, որից կախված է այգեգործության զարգացումը: Բայց դրա զարգացման համար անհրաժեշտ է ոչ թե մեղվափեթակների, այլ մեղրի սպառման վրա շեշտը դնել: Եթե պետությունը խթանի սպառման աճը, մեղվաբուծությունն ավտոմատ կզարգանա: Ենթադրենք, մի 20 ընտանիք մեղու պահեց, բայց այդ մեղրը չեն կարողանալու իրացնել: Իրացման լուրջ խնդիր կա, ու այդ ուղղությամբ պետք է պետությունը մտածի»:
Խելացի անասնագոմերի կառուցման խթանումը, որի մասին խոսում են 18 թվականից, եւս փողերի վատնում է: «Այդքան խելացի անասնագոմի լենտը կտրեցին, բացեցին, թող մի հատ մոնիթորինգ անեն՝ քանի՞սը կան դրանցից: Ես կպատասխանեմ՝ 0 կամ, լավ՝ 2 տոկոս մնացած լինի, թե ոչ: Զուտ սխալ տնտեսվարման պատճառով»:
Բաց մի թողեք
Վաղարշապատի համայնքապետի սկեսրայրի գազալցակայանում հրազենով մարդ է սպանվել
«Իրենք երեք օր է մեր վրա աշխատում են, պուլիմյոտից կրակում են մեր վրա, սակայն մենք գոնե մի կրակոց ի պատասխան չենք արձակել»
Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է