Արցախյան պատերազմից հետո ՀՀ իշխանությունները ակտիվորեն շրջանառության մեջ դրեցին խաղաղության դարաշրջանի կոնցեպտը, որի իրականացումը ենթադրում է, թե վերջապես հայ ժողովուրդը կապրի ու կստեղծագործի խաղաղության պայմաններում։
«Փաստ» օրաթերթը գրում է. Ու այս համատեքստում, կարծես թե, միտում դարձավ յուրաքանչյուր նշանակալից ծրագիր խաղաղության հետ կապելը։ Դրանցից մեկն էլ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է, ինչը ենթադրում է տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակում և տեղաշարժի ապահովում։
Մյուս կողմից էլ՝ Հայաստանի իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են ամեն կերպ ցույց տալ, թե օր առաջ պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Օրերս էլ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, թե պատրաստ են մեկ ամսում ամբողջացնել ու ստորագրել խաղաղության պայմանագիրը։
Բայց խաղաղություն քարոզելով հանդերձ՝ ՀՀ իշխանություններն արձանագրում են, որ Ադրբեջանը պատրաստվում է նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայական COP 29 համաժողովից հետո նոր ագրեսիայի դիմել։ Մամուլում պարբերաբար հրապարակումներ են արվում այն մասին, թե ինչ մեծ արագությամբ է տարբեր երկրներից Ադրբեջանը սպառազինություններ ներկրում։ Իսկ ադրբեջանական զինուժը հաճախակի զորավարժու
թյուններ է իրականացնում, որտեղ խաղարկվում են նաև հարձակողական սցենարներ։ Ինչ ինչո՞ւ է Ադրբեջանը սպասում կլիմայական համաժողովն անցնի, որից հետո միայն լայնամասշտաբ ագրեսիան ձեռնարկի։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը փորձելու է կլիմայական համաժողովին մեծ ներկայացուցչական կազմ ապահովել միջազգային դիվանագիտական շրջանակներից՝ սկսած տարբեր երկրների ղեկավարների մասնակցությունից։
Ու այդպես Բաքուն նախ կլեգիտիմացնի իր գործողությունները։ Ու չնայած որ տարբեր հանցագործություններ ու ագրեսիվ քայլեր է իրականացնում, այդուհանդերձ, միջազգային հանրությունը մտադիր չէ մեկուսացնել Ադրբեջանին ու պատժամիջոցներ կիրառել։ Ավելին, տարբեր երկրներից բարձրաստիճան պաշտոնյաներ են այցելում Ադրբեջան, ինչի առիթն օգտագործելով՝ Բաքուն նրանց կարող է տանել նաև օկուպացված Արցախ այցելության։ Այսպիսի քայլերով Բաքուն ձգտում է հասնել նրան, որ իր ագրեսիայի համար միջազգային հանրության կողմից վառվի հերթական կանաչ լույսը։ Ընդ որում, նկատի ունենանք, որ COP 29 կլիմայական համաժողովը Բաքվում չէր անցկացվի, եթե Հայաստանի «խաղաղասեր» իշխանությունները համաձայնություն չտային դրան։
Ու այսքանից հետո էլ ՀՀ իշխանությունները հույսեր են կապում միջազգային հանրության և մասնավորապես Եվրոպայի հետ։ Անգամ խոսվում է ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հեռանկարի մասին, բայց նույն եվրոպական համայնքն անհրաժեշտ գործողություններ չի ձեռնարկում Բաքվի սանձարձակությունների դեմ: ԵՄ-ից նույնիսկ փաղաքշում են Ալիևի բռնապետական ռեժիմին: Եթե մեկ այլ երկիր այդպիսի միջազգային ու պատերազմական հանցանքներ գործեր, ինչպես Ադրբեջանը, ապա առնվազն այդ կիմայական համաժողովը ԵՄ երկրները կբոյկոտեին ու այդ երկիրը կծածկեին պատժամիջոցներով, բայց հիմա դրա մասին ուղղակի խոսք անգամ չկա։ Դրա փոխարեն Եվրոպայից Ադրբեջանին խնդրում են ավելացնել գազի մատակարարումները և այդ նպատակի համար են փորձում ծառայեցնել ռուսական գազի մատակարարման համար նախատեսված խողովակները։ Ի՞նչ մարդու իրավունքներ, ի՞նչ միջազգային իրավունք։
Դրանք երկրորդական պլան են մղվում՝ ի հակադրումն եվրոպական էներգետիկ շահերի։ Մյուս կողմից էլ՝ Եվրոպայից դատարկ կոչեր են հնչեցնում Արցախի հայերի իրավունքների պաշտպանության մասին։ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը վերջերս նորից նշել էր, թե ԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին՝ ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ առանց ահաբեկման կամ խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը։
Բայց մինչ ԵՄ-ից դեկլարատիվ կոչեր են հնչում, Ադրբեջանը շարունակում է իրականացնել իր սև գործը և Արցախից ջնջել հայկական հետքը։ Եթե այսպես գնա, ապա արդեն Բաքվի կլիմայական համաժողովից հետո Հայաստանի մի շարք հատվածների բնակչությունը կարող է հայտնվել արցախահայության կարգավիճակում։ Ուղղակի հարցն այն է, որ ՀՀ իշխանությունները հանրությանը պատերազմի պատրաստելու փոխարեն վախեցնում են ժողովրդին պատերազմով, որպեսզի ինչ հնարավոր է՝ Բաքվին զիջեն։ Բայց, միևնույն է, Ադրբեջանը այդ զիջումներով էլ չի բավարարվելու։
Բաց մի թողեք
Ի՞նչ կապ կա ԱԱԾ-ով ֆիզիկայի ուսուցչին տանելու եւ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում «դրսից» տնօրեն նշանակելու միջեւ․ Aravot.am
«Ընկերասեր էր, զուսպ, բոլորին հաշտեցնող». հրետանավոր Հարություն Հովսեփյանը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում, անմահացել հոկտեմբերի 20-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով. Լուսանկարներ
Ինչու են քաղաքացիները դիմում «օրենքով գողերին»