Կրկեսի նոր շենքի շինարարությունը, ասես, մեկ դար է, ինչ ընթացքի մեջ է։ Ավելի ստույգ՝ շուրջ 10 տարի է՝ Երևանն առանց կրկեսի է։
Այս տարիների ընթացքում տարբեր ժամկետներ են ասվել՝ շենքը շահագործման հանձնելու համար: Այս պահին էլ այնտեղ դեռ աշխատանքներ են ընթանում:
Շենքի արտաքին տեսքն արդեն ամբողջովին պատրաստ է, ինչը տեսանելի է բոլորի համար: Իսկ ի՞նչ է կատարվում ներսում. տեսնելու համար այցելել ենք այնտեղ:
Մեր այցելության ժամանակ շենքում ակտիվ շինարարական աշխատանքներ էին ընթանում։ Ավտոկայանատեղիով, բազմաթիվ սենյակներով և որակյալ սարքավորումներով հագեցած, տարածաշրջանում նմանը չունեցող նոր կրկես են խոստանում պատասխանատուները։
«Ճիշտ է, ժամանակն անցել է, որովհետև ունեցել ենք պատճառներ, բայց պետք է շեշտեմ, որ մենք քաղաքական և ֆինանսական խնդիրներ չունենք։ Ամեն ինչ արվում է՝ կրկեսը շատ արագ բացելու համար, ոչ մի բանի առջև կանգ չենք առնելու։ 250 աշխատողն ամենօրյա ռեժիմով աշխատում է, նույնիսկ՝ երկու հերթափոխով»,- մեզ հետ զրույցում վստահեցնում է տնօրենը:
Վերջինս հայտնում է, որ այժմ սկսվել են շենքի կահավորման աշխատանքները. «Ամբողջ անձնակազմը քրտնաջան աշխատում է, որովհետև պայմանագրեր ունենք։ Ցանկանում ենք ունենալ այնպիսի կրկես, որը կծառայի հանրապետությանը, ժողովրդին և դրա համար փորձում ենք ամենակարճ ժամանակահատվածում բացել այն»։
Նա նաև վստահեցնում է, որ կրկեսի անձնակազմը ևս շարունակում է աշխատել՝ հավելելով՝ կադրային «ջարդեր» չեն ունեցել։ Կրկեսի նոր շենքը պատրաստ լինելուն պես էլ անձնակազմը համալրվելու է։
Փակագծերը շատ չբացելով՝ Գասպարյանը տեղեկացնում է, որ կրկեսի բացման ծրագիրն է նույնիսկ պատրաստ. «Cirque du Soleil»-ն այդ շրջանում Երևանում կլինի, վեց ամիս հանդես են գալու հայ հանդիսատեսի առջև։
Կրկեսի շենքով շրջայցի ժամանակ «Երևանյան կրկես» ՍՊ ընկերության գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում մանրամասնում է, որ շենքի ընդհանուր մուտքի մոտ (ներսում) լինելու է չորս էկրան, սննդի կետ։ Էկրաններից այն կողմ արդեն երևալու է բուն մուտքը, որը տանելու է դեպի հարթակն ու սրահը։ Հանդիսատեսի հիմնական մուտքը սրահ լինելու է երկրորդ հարկով, որտեղ բարձրանալու են և համապատասխան դռներով ներս մտնեն։
«Առաջին սեկցիան նախատեսված է լինելու սակավաշարժ խմբի մեջ մտնող հանդիսատեսի համար, նրանք ներս են մտնելու առաջին մուտքից։ Նախատեսել ենք նաև համապատասխան սանհանգույցը։ Բոլոր նստարանները մեծացվել են, որպեսզի ավելի հարմարավետ լինեն։ Բեմը շարժական է լինելու, դրա աշխատանքները վստահված են չեխ մասնագետներին, քանի որ այդ ոլորտում առաջատար են»,- ասում է Հովհաննիսյանը։
Ներսում օրկեստրի, ակրոբատների համար նախատեսված են առանձին հատվածներ։ Ընդհանուր առմամբ շենքը լի է լինելու տարբեր աշխատանքների համար նախատեսված սենյակներով։ Օրինակ՝ 24 սենյակ օգտագործվելու է որպես հանդերձարան, ներքևում գործելու է ավտոկայանատեղի, այն հասանելի կլինի 70 մեքենայի համար։ Սրահում նստարանները նախատեսված են լինելու 1500-1700 անձի համար։
Թե ի՞նչ ոճական լուծումներ կտրվի կահավորմանը, և ի՞նչ գույնի կլինի բուն սրահը, դեռ պարզ չէ։ Ըստ ինժեների՝ ընդհանուր դիզայնը դեռ մշակման փուլում է․ «Արտակարգ դիզայն է լինելու, այն դեպքն է, երբ չի լինում մի բան, որ բոլորը գոհ լինեն, բայց սա բացառություն է լինելու, ամեն ինչ բարձր որակի։ Տեղի դիզայներները արտերկրի իրենց գործընկերների հետ համագործակցում են, կապի մեջ են ու փորձում են կարևոր լուծումներ տալ»։
Շենքում հինգ վերելակ է լինելու, որից մեկը՝ բեռնատար, ընդհանուր առմամբ երեք վերելակ բարձրանալու է ավտոկայանատեղիից մինչև առաջին հարկ։ Չորրորդ վերելակը ավտոկայանատեղից բարձրանալու է վեցերորդ հարկ, վերջինը՝ տեխնիկական հարկից մինչև տանիք։
Հովհաննիսյանի խոսքով՝ հինգերորդ և վեցերորդ հարկերում լինելու է հյուրանոցային համալիր, որը նախատեսված է արտիստների համար։
Երևանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սոս Պետրոսյանն էլ հերքում է այն լուրերը, թե դերասանները պարապության և անգործության են մատնված։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նկատում է՝ կրկեսը թատրոնի նման չէ, այն հյուրախաղային կազմակերպություն է: Այժմ բոլոր դերասանները աշխարհի տարբեր երկրներում հյուրախաղերի են մասնակցում:
«Մեր դերասանները աշխարհով մեկ սփռված են և աշխատում են: Եթե հիմա կարողանաք գտնել կրկեսի գոնե մեկ պարապ դերասանի, երեկու-երեք օրվա ընթացքում կուղարկեմ հյուրախաղերի. պահանջարկն այդքան մեծ է»,- նշում է նա:
Անձնակազմի մնացած մասը ելույթ է ունենում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ 60 սան Պետրոսյանը ունի Լեոնիդ Ենգիբարյանի անվան ստուդիայում, որտեղ ընդունելությունը 6 տարեկանից է սկսում․ «Այժմ ստուդիա-դպրոցը գործում է վետերանների միության շենքում, դասերն ընթանում են ամեն օր, ինչպես նաև ես ամեն տարի նոր կուրս եմ ունենում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որը կոչվում է «Կրկեսային ռեժիսուրա»։ Կրկեսային արվեստը լավ և հետաքրքիր արվեստ է, որն ունի հեռանկարներ և մեծ պահանջարկ ամբողջ աշխարհում: Կրկեսից մարդիկ գնում են թեթևացած, լիցքաթափված և երջանիկ։ Շատերը մտածում են, որ կրկեսը միայն մանուկների համար է, սակայն այն որքան երեխաների, այդքան էլ մեծերի համար է»:
Վերջինիս խոսքով՝ նոր կրկեսի բացմանը բոլորը անհամբեր սպասվում են: Հավատացնում է՝ ամեն ինչ անելու են, որ այն արժանի կերպով հանրությանը ներկայացնեն:
«Նեղվում էի, որ հին կրկեսում ոչ մի հարմարություն չկար, բայց մարդիկ սիրում էին կրկեսն ու գալիս էին, ասում էի՝ կգա մի օր, որ մեր կրկեսում նույնպես ունենանք հնարավորություններ, իսկ հիմա շատ ուրախ եմ, որ վերջապես կունենանք բարձր մակարդակի կրկես ու կկարողանանք հրավիրել ու բարձր ճակատով դիմավորել ժողովրդին։ Ես մի քանի կրկեսային միջազգային մրցույթի ժյուրիի անդամ եմ, շուտով իտալական կրկեսի փառատոնի ժյուրիի անդամ էլ եմ լինելու և տեսնում եմ՝ աշխարհում ինչ կրկեսային խոհանոց կա ու ժողովուրդն ինչպես է հաճախում, բայց այնպես, ինչպես հայ հանդիսատեսն է սիրում կրկեսը, չեմ տեսել։ Ամեն տեղ գնում ենք, ծափ են տալիս, բայց մեզ մոտ ավելի յուրահատուկ հանդիսատես ունենք»,- ընդգծում է նա:
Երբ ու ինչպես սկսվեց նոր կրկեսի կառուցումը.
2011 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ «Տաշիր Գրուպ»-ի հետ կնքած պայմանագրով վերջինս պետք է վերանորոգի Երևանի կրկեսը: Շենքը որոշվեց քանդել, երբ փորձագետները հանգեցին եզրակացության, որ աննպատակահարմար է վերակառուցել եղած հին շինությունը։ 2011թ. օգոստոսի 1-ից սկսվել են Երևանի պետական կրկեսի կառուցման աշխատանքներն ու շարունակվում են մինչ այսօր։
Մերի Խաչատրյան
Բաց մի թողեք
Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ Լուսանկար
Փարսյանի եղբորը ձերբակալել են
Քաղաքը չբեռնաթափվեց, սակայն քաղաքապետարանի բյուջեն լցվեց