16/07/2024

Նոր մանրամասներ Երևանում «Նիսան Տենա»-ի հետապնդումից. պարզվել է հետապնդվողի ինքնությունը

Ինչպես հայտնել էինք, հունիսի 23-ին՝ 14:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկը կասկածանքով Արին Բերդի փողոցում փորձել էր կանգնեցնել «Նիսան Տենա» մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդը չէր ենթարկվել պարեկի օրինական կանգառ հրահանգին, դիմել էր փախուստի՝ հարվածելով պարեկային ծառայության ավտոմեքենային։

Հետապնդման ընթացքում պարեկը կրակոց էր արձակել «Նիսան Տենա»-ի առջևի ձախ անվադողի ուղղությամբ, իսկ երբ «Նիսան»-ը բախվել էր պարեկային ավտոմեքենային, անվտանգության բարձիկը բացվել էր, ինչի պատճառով էլ 1 կամ 2 պարեկ տեղափոխվել էին հիվանդանոց։ Արին Բերդի փողոցում էլ հայտնաբերվել էր կրակված 2 պարկուճ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են «Նիսան Տենա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։

Ըստ այդմ՝ «Նիսան»-ը վարել է Երևանի բնակիչ 23-ամյա Էմիլ Մարկոսյանը, որը ներկայացվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ձերբակալվել: