16/07/2024

Ալիեւն ի՞նչ բացատրություն կտա Պուտինին, կտա՞ արդյոք, թե՞ …

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաղստանում արյունալի ահաբեկչության առթիվ հատուկ հայտարարությամբ հանդես չի գա: Այդ մասին ասել է նրա մամուլի խոսնակ Պեսկովը: Պուտինը փաստացի ասելիք չունի:

Դա այնքան ակնհայտ է, որ նախկին փոխվարչապետ Ռոգոզինն է անգամ խորհուրդ տվել կրկին «վարդագույն ամպեր չտարածել Արեւմուտքի թշնամության եւ ներքին կայունության մասին», – եւ ամփոփել, որ «Դաղստանում վաղուց էր պետք կարգուկանոն հաստատել»: Ավելի վաղ ենթադրել էինք, որ եթե Չեչնիայի առաջնորդ Կադիրովի անբուժելի հիվանդության մասին լուրերն իրականությանը մոտ են, ապա Հյուսիսային Կովկասի կառավարման հարցում Մոսկվան դժվարությունների է հանդիպելու:

Թերեւս, նաեւ այդ նկատառումներից ելնելով է, որ մայիսի 16-ին Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Իլհամ Ալիեւին Կովկասի «փոպարքա» կարգեց: Ալիեւի եւ Կոդիրովի անձնական մտերմությունը հայտնի է: Չեչենական երկրորդ պատերազմում Պուտինի հաղթանակը մի զգալի մասով պայմանավորված էր Հեյդար Ալիեւի հետ ձեռք բերված պայմանավորվածություններով, երբ Բաքուն փակեց Մերձավոր Արեւելքից Չեչնիայի զենքի եւ զինամթերքի մատակարարման ուղիները, արտաքսեց Չեչեն դաշտային հրամանատարներին, լուծարեց Իչկերիայի դիվանագիտական ներկայացուցչությունը:

Կովկասի կայունության համար մենք հանգիստ ենք,-մայիսի 16-ին Բաքվում ասել է Բելառուսի նախագահը: Անցել է մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ, եւ Դաղստանը հունիսի 23-ին պայթել է: Թե Ալիեւն ի՞նչ բացատրություն կտա Վլադիմիր Պուտինին, կտա՞ արդյոք, թե՞՝ ոչ՝ իրենց ներքին գործն է: Աչքի է զարնում իրողությունը, որ Ադրբեջանի կառավարության որոշմամբ հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչեւ ս.թ. հոկտեմբերի 1-ը: Նման որոշում Բաքուն ընդունել է նաեւ մարտի 1-ին՝ գործողության ժամկետ սահմանելով մինչեւ հունիսի 1-ը:

Զուտ իրավական առումով ստացվում է, որ հունիսի 1-ից մինչեւ 24-ը Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմ չի գործել: Այդ ընթացքում Ռուսաստան-Ադրբեջան սահմանի տարբեր հատվածներում մաքսային նոր անցակետերի եւ հաղորդակցության ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքներ են տարվել:

Անցած քսանչորս օրերին Ադրբեջանի եւ Դաղստանի միջեւ սահմանային ի՞նչ ռեժիմ է գործել: Իհարկե, չափազանց բարդ է ասել, որ Դաղստանում ահաբեկչության հետքերը կարող են տանել նաեւ Բաքու: Բայց եւ հնարավոր չէ չնկատելու տալ, որ Ադրբեջանի կառավարությունը հատուկ կարանտինային ռեժիմի երկարաձգման որոշումն ուշացրել է ուղիղ քսանչորս օրով եւ կայացրել Դաղստանում ահաբեկչությունից հետո: Թե պատմականորեն, թե ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում Դերբենտը Հյուսիսային Կովկասի երկրորդ դուռն է: Մյուսը Լարսն է:

Բաքունը հավակնում է լինել հյուսիս-հարավ, արեւելք-արեւմուտք ռազմավարական նշանակության կոմունիկացիաների “բակապահ շունը”: Բայց Բաքուն կարող է վերածվել դժոխքի դարպասների: Ոչ ոք չգիտի, թե Կենտրոնական Ասիայում, Պակիստանում եւ Իրանում իսլամական ահաբեկչության ինչ խմբավորումներ են գործում: Ավելի ճիշտ՝ ով կարող է իմանալ, նրա հետ Ռուսաստանը թշնամացել է, չի վստահում:

Իսկ Ադրբեջանի հատուկ ծառայությունները, որքան էլ Ալիեւը հպարտանա, չեն կարող վերահսկել իրավիճակը, եթե անգամ մեծ ցանկություն ունենան: Ռուսաստանը պետք է թողնի ամբիցիաները եւ համագործակցությունը վերականգնի արեւմտյան հատուկ ծառայությունների հետ: Դա այլեւս ոչ միայն իր, այլեւ գլոբալ անվտանգության ապահովման խնդիր է: