05/10/2024

ԱՄՆ-ն Վրաստանին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Ամերիկայի Միացյալ Նահանգները Վրաստանին հրավիրել է մասնակցելու հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։

Ըստ Օ’Բրայենի, ԱՄՆ իշխանությունները շատ անհանգստացած են «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության փոքրաթիվ առաջնորդների որոշումներով և հռետորաբանությամբ։

«Վրաստանի իշխանությունների գործողությունները անհամատեղելի են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու Թբիլիսիի ձգտումներին»,- ասել է նա:

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ինչը քննադատել են Եվրամիությունը և ԱՄՆ-ն, հնչել են կոշտ հայտարարություններ: Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո էր դրել օրենքի վրա, սակայն խորհրդարանը մայիսի 28-ին հաղթահարել է այն: