«Այն պարագայում, երբ Հայաստանը բազմաթիվ անվտանգային ու արտաքին քաղաքական խնդիրներ ունի լուծելու, շոկային էր այն, որ հանկարծ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց և ճանաչեց Պաղեստին պետությունը։ Դրան շտապեց արձագանքել Թուրքիայի ԱԳՆ-ն՝ ողջունելով Հայաստանի այդ քայլը։
«Փաստ» օրաթերթը գրում է. Այսպիսի արձագանքը շատ փորձագետների համար ենթադրությունների տեղիք տվեց, որ Հայաստանը Պաղեստինը ճանաչել է հենց Թուրքիայի պահանջով։ Մենք մի կողմ կթողնենք նման եզրակացությունների արդարացված կամ ոչ արդարացված լինելու հանգամանքը և չենք խորանա, ինչպես իշխանություններն են սիրում ասել, «դավադրապաշտական տեսությունների» հորձանուտում: Այդուամենայնիվ, գլխավոր հարցը մնում է այն, թե այս պահին ի՞նչ արտաքին քաղաքական անհրաժեշտությամբ էր պայմանավորված Հայաստանի նման քայլը։
Մի՞թե դա այդքան հրատապ էր։ Իհարկե, արաբական երկրները ողջունեցին Հայաստանի այդ քայլը, սակայն այն բացասական հետք կթողի Իսրայելի հետ հարաբերություններում՝ մանավանդ որ Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվեց հրեական պետության ԱԳՆ և նրան բողոք հայտնվեց։ Ճիշտ է՝ պաշտոնական Թել Ավիվը Երևանի նկատմամբ, մեղմ ասած, իրեն կոռեկտ չի պահել ու գրեթե միշտ Ադրբեջանի կողմից է հանդես եկել՝ ժամանակակից սպառազինություններ մատակարարելով այդ երկրին, բայց Հայաստանը ևս կարողանում էր հարաբերություններ պահպանել Իսրայելի հետ ու նույնիսկ դեսպանություն հիմնել այդ երկրում։ Թել Ավիվում Բաքվի հետ հարաբերությունների խորացումը մի կողմից՝ հաշվի է առնվում կոմերցիոն շահի տեսանկյունից, երբ Ադրբեջանը էներգակիրներ է մատակարարում, իսկ Իսրայելը սպառազինություններ տրամադրում, իսկ մյուս կողմից էլ Ադրբեջանը դիտարկվում է որպես հնարավոր հակաիրանական գործողությունների պլացդարմ։
Մյուս կողմից՝ որևէ խոչընդոտ չկա, որ Հայաստանը ևս իսրայելական սպառազինություն գնի, հատկապես, որ վերջերս միջազգային մամուլում նշվեց, թե Հայաստանը դիտարկում է Իսրայելի «Բարակ 8» հակաօդային պաշտպանության համակարգը (MR-SAM) գնելու հնարավորությունը: Չնայած իր փոքր չափերին՝ Իսրայելը Մերձավոր Արևելքում խոշոր խաղացող է՝ մանավանդ որ տնտեսության, ՏՏ ոլորտի զարգացման, տեխնոլոգիաների մշակման և ռազմական առաջադեմ տեխնիկայի արտադրության հարցում լուրջ հաջողությունների է հասել։ Ու պետք է հաշվի առնել, որ Իսրայելի գլխավոր աջակիցը ԱՄՆ-ն է, որն այդ երկրին ամեն տարի միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրում։ Իսկ հրեական լոբբին ազդում է այդ երկրի արտաքին քաղաքականության վրա։ Ուստի Պաղեստին պետության ճանաչումը կարող է որոշակիորեն իր ազդեցությունն ունենալ նաև ԱՄՆ-ի հետ մեր ունեցած հարաբերություններում։ Մյուս կողմից՝ չենք կարող հաշվի չառնել Իսրայելում հայկական համայնքի ու Երուսաղեմում հայկական թաղամասի նշանակությունը։
Երուսաղեմում «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքի հետ կապված Երուսաղեմի հայ համայնքի վախը՝ տեղահանության հետ կապված, շարունակում է մնալ ակտուալ, իսկ իրավիճակի վրա կարող է ազդել Իսրայելի կառավարությունը։ Արաբա-իսրայելական հակամարտությունն այնպիսի հարց է, որի դեպքում Հայաստանը ոչ թե պետք է առանց կշռադատելու որևէ կողմ նետվի, այլ բալանսավորված քաղաքականություն վարի Իսրայելի ու արաբական աշխարհի միջև։ Մյուս կողմից էլ՝ ամենատարօրինակն այն է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները ճանաչում են օտար պետությունը, բայց իրենք իրենց ձեռքով փակեցին Արցախի ճանաչման ճանապարհը, և Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Ու մինչ այդ էլ, չնայած Հայաստանը չէր ճանաչել Արցախի անկախությունը, սակայն պայքարում էր միջազգային ճանաչմանը հասնելու ուղղությամբ։
Հայաստանի ԱԳՆ-ն Պաղեստինի ճանաչման հետ մեկտեղ խոսում է Գազայի հատվածում առաջացած հումանիտար ճգնաժամի ու աղետալի վիճակի մասին, և ճիշտ է անում, բայց, չգիտես ինչու, չի նշում, թե Արցախում Ադրբեջանը ամիսներ շարունակ ինչպիսի անտանելի հումանիտար ճգնաժամ էր ստեղծել։ Հայաստանի իշխանություններն անընդհատ խոսում են երևակայական խաղաղության ու խաղաղության համաձայնագրի մասին, բայց չեն ընդգծում, որ Ադրբեջանը նույնիսկ հումանիտար հարցերում բարի կամք չի դրսևորում։ Մինչև հիմա Ադրբեջանը գերեվարված է պահում Արցախի ղեկավարության ներկայացուցիչներին ու այլ անձանց և տարաբնույթ խոշտանգումների ենթարկում։ Չեղավ մի դեպք, երբ Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի ու միջազգային հանրության առաջ կոնկրետ պահանջ դնի գերիների վերադարձի հետ կապված»:
Բաց մի թողեք
Մի՞թե բալանսավորված քաղաքականություն է, երբ ասում է մի բան, մտածում` այլ բան, անում` լրիվ ուրիշ բան
Առողջապահության նախարարը անկարող է կիրառել օրենքը
Որ հայտնի դատավորն է քննելու Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը