20/07/2024

Սեյրան Օհանյանի եկամուտները նվազել են․ ինչ է հայտարարագրել պատգամավորը 2022 և 2023 թվականներին

«Փաստերի ստուգման հարթակը» սկսում է ներկայացնել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարագրերն ու նրանց եկամուտների մասին տվյալները։ 

Այս հրապարակմամբ «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կողմից կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված 2022 և 2023 թվականների գույքի ու եկամուտների հայտարարագրերը (2021-ի հայտարարագիրը՝ այստեղ

Ըստ 2022 և 2023 թվականների հայտարարագրերի, միանձնյա սեփականության իրավունքով Սեյրան Օհանյանին է պատկանում 4 հողամաս, իսկ համատեղ սեփականությամբ՝ հայրական տունն ու 1 հողամաս։ Համաձայն ներկայացված հայտարարագրերի՝ բոլոր 5 հողամասերը գտնվում են Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքում, այնտեղ է գտնվում նաև Օհանյանի հայրական տունը։ Ի դեպ, 5 հողամասերից մեկը Սեյրան Օհանյանը գնել է 2021 թվականին։

Բացի այդ, և՛ 2022 թվականին, և՛ 2023 թվականին Օհանյանը հայտարարագրել է նաև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող, որպես երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող, բայց փաստացի իր կողմից տնօրինվող 1 հողամաս և անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով։

Բացի երրորդ անձի պատկանող տնից, Օհանյանը  2022-ին և 2023-ին հայտարարագրել է նաև երրորդ անձի պատկանող 2013 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա։ Սեփական շարժական գույք Օհանյանը չի հայտարարագրել։

Հաշվետու տարվա եկամուտների բաժնում ի տարբերություն 2022 թվականի հայտարարագրի, որտեղ Օհանյանը, որպես եկամտի տեսակ, ներկայացրել էր աշխատավարձ (ՀՀ ԱԺ, 6,627,340 դրամ) և կենսաթոշակ (ՀՀ ՊՆ, 5,400,000 դրամ), 2023 թվականի հայտարարագրում Պաշտպանության նախարարությունից ստացվող կենսաթոշակի մասին նշում չի արել, նշել է միայն ԱԺ-ից ստացված եկամուտների մասին (10,297,310 դրամ)։

2023 թվականի հայտարարագրի մեջ նշված է, որ Սեյրան Օհանյանը 8 մլն դրամ անտոկոս փոխառություն է վերցրել, որի նպատակային նշանակության մասին նշում չկա, իսկ 2022 թվականի հայտարարագրի մեջ նման տվյալ չկա։

2022-ի տարեվերջի դրությամբ Օհանյանի բանկային հաշվին եղել է 1 դրամ, կանխիկ դրամ հայտարարագրված չէր։ 2023-ի տարեվերջի դրությամբ Օհանյանի բանկային 3 հաշիվներին եղել է 0 դրամ, որպես կանխիկ, նշել է 1 մլն դրամ։

2023 թվականի հայտարարագրի՝ վարկի մարմանն ուղղված վճարումներ բաժնում Օհանյանը նշել է 15 հազար եվրո և 9900 դոլար (ընդամենը 10,202,220.3 դրամ), 2022 թվականի հայտարարագրի մեջ այդ նույն բաժնում տվյալներ չկան։

Այսպիսով, Սեյրան Օհանյանի 2022 թվականի և 2023 թվականի հայտարարագրերում առկա տվյալները անշարժ և շարժական գույքի վերաբերյալ նույնն են։ Ի տարբերություն 2022 թվականի, 2023 թվականին Սեյրան Օհանյանը ներկայացրել է 1 եկամտի տեսակ, նաև կանխիկ գումարի և վարկի մարմանն ուղղված վճարումների մասին տվյալներ։ Ընդհանուր առմամբ, Սեյրան Օհանյանի եկամուտները նվազել են, փոխարենը նախորդ տարվա համեմատ աճել է Ազգային ժողովից ստացվող՝ պատգամավորի եկամուտը։

Սյուզաննա Համբարձումյան