20/07/2024

Հայաստանը զենք-զինամթերք է ձեռք բերում իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար․ Գրիգորյան

Հայաստանը զենք-զինամթերք է ձեռք բերում միայն իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մինչև այս պահը ձեռք բերված բոլոր զենքերն օգտագործվելու են միայն ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար։ Տարածաշրջանի խաղաղության համար պատասխանատու են բոլորը, առաջին հերթին՝ տարածաշրջանային երկրները, բայց նաև միջազգային գործընկերները կարող են աջակցել և շատ դեպքերում աջակցում են տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը»,- նկատել է նա։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարարության և ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել էր ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր, որի շրջանակում Ֆրանսիան «CAESAR» հրետանային համակարգեր կմատակարարի Հայաստանին:

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարել էր, որ շարունակում են ամրապնդել պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ՝ CAESAR հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագրի կնքումը համարելով «նոր կարևոր հանգրվան»: