15/10/2024

Մի գործ էլ կփակվի վաղեմության հիմքով․ Լուսանկար

2018-ից հետո «եւ ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստա» հոխորտանքներն այդպես էլ իրականություն չդարձան, ավելին` «նախկին թալանչիների» նկատմամբ հարուցված քրեական գործերի մեծ մասը փակվել է, մի մասին արդարացրել են, մյուսների նկատմամբ սիմվոլիկ դատավճիռներ արձակվել, եւ դեռ ընթացող գործերով նրանց մեղքը դատարաններում չի ապացուցվում, որքան էլ հաղորդագրություններ տարածեն ու պոպուլիստական ելույթներ ունենան։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այդ գործերից մեկն Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթն է, որի քննությունն այնքան ձգձգվեց, որ ամիսներ անց՝ հոկտեմբերին, լրանում է վաղեմության ժամկետը, ու մեղադրյալներն օրենքի ուժով կազատվեն պատասխանատվությունից։

Ծառուկյանի փեսային՝ Աբովյանի նախկին համայնքապետին առաջադրված «պաշտոնեական լիազորությունների չարաշահման, համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք հողատարածքների ապօրինի օտարման, այլ հողամասերի ինքնակամ զավթման, շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը չկասեցնելու, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալու, խմբի կազմում փողերի լվացման, պաշտոնեական կեղծիքներ եւ փաստաթղթերի կեղծիքներ կատարելու» դեպքերի վերաբերյալ նախաձեռնված ահասարսուռ մեղադրանքները՝ 13 անձի մասով, 2023-ից դատարանում են։

Ըստ մեղադրանքի՝ համայնքին պատճառվել է ընդհանուր 537 մլն 802 հազար 150 դրամի գույքային վնաս, որից 474 մլն 949 հազար 600 դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է: Գործով վկա է ներգրավված նաեւ նախկին վարչապետ Հովիկ Արգամիչի որդին` Արգամը: Սակայն քննությունն արդեն անիմաստ է դարձել, եւ անգամ առանցքային վկաներն այլեւս չեն գնա դատարան, քանի որ հոկտեմբերին գործը կարճվելու է։

Մի գործ էլ կփակվի վաղեմության հիմքով․ «Հրապարակ»