25/07/2024

ՔՊ-ից ավելի ՔՊ լինելու հետևանքը

ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած, գործարքի մեջ մտած Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը պաշտոնից հեռանալուց մեկ ամիս անց կալանավորվեց։

Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի եւ իրավաբանական բաժնի առաջատար մասնագետներից մեկի նկատմամբ։ Ըստ ՔԿ-ի՝ այս անձինք չարաշահել են ծառայողական լիազորությունները, համայնքապատկան գույքն իրենց համար նախընտրելի անձին օտարելու համար ազդել են աճուրդի մյուս մասնակիցների վրա եւ ապօրինաբար օտարել գույքը․ երեք պաշտոնատար անձի մեղադրանք է առաջադրվել, երկուսը կալանավորվել են։

Իրավապահ  մարմիններից «Հրապարակ»-ին պատմեցին, որ սույն պաշտոնյաներով սկսել են զբաղվել դեռեւս մեկուկես տարի առաջ՝ 2022-ի դեկտեմբերին, սակայն միտումնավոր հետաձգել են, վարույթ չեն նախաձեռնել՝ մինչեւ այն պահը, երբ ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը կընտրվեր համայնքի ղեկավար։ ՔՊ-ն համայնքապետի` իր համար ցանկալի փոփոխությունը չէր կարող իրականացնել, եթե ավագանու անդամ Դավիթ Մինասյանին կալանք տային, օրինակ, 2 ամիս առաջ, քանի որ ավագանին չէր կարող նիստեր հրավիրել։ Իսկ ավագանու նիստեր հետայսու չեն կարող տեղի ունենալ Փարաքար համայնքում, եթե Դավիթ Մինասյանը շարունակի մնալ կալանքի տակ, քանի որ ՔՊ-ն եւ «Դավիթ Մինասյան» դաշինքը միասին ընդամենը 1 ձայնի տարբերությամբ են մեծամասնություն կազմում «Ապրելու երկիր» խմբակցության նկատմամբ։ Դավիթ Մինասյանի` նիստերին չգալը քաոս է առաջացնելու Փարաքար համայնքում, եւ ավագանին կաթվածահար է լինելու։ Որպեսզի նոր ՏԻՄ ընտրություններ չնշանակվեն, մեծ է հավանականությունը, որ Մինասյանը շուտով ազատ կարձակվի։

Փարաքար համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը, ով 2,5 տարի եղել է Դավիթ Մինասյանի տեղակալը, ասում է, թե տեղյակ չէ, որ իր նախկին ղեկավարի հետ կապված վարույթ է եղել, չնայած Գյուլնազարյանը, լինելով ավագանու անդամ, մասնակցել է համայնքապատկան հողերի օտարման գործընթացին, ինչն էլ ընկած է Մինասյանի մեղադրանքի հիմքում։

– Դուք տեղյա՞կ եք եղել, որ Դավիթ Մինասյանն իր պաշտոնավարման ժամանակ չարաշահումներ է թույլ տվել։

– Իհարկե, տեղյակ չեմ եղել։ Թեման երեկ է հրապարակվել, քննությամբ կպարզվի։

– Դավիթ Մինասյանին կալանք են տվել, մինչ այդ էլ ամիսներ շարունակ ավագանու նիստերը չեն կայացել։ Այս իրավիճակում չի՞ խաթարվի համայնքի բնականոն աշխատանքը, եւ նոր ընտրությունների գնալու անհրաժեշտություն չի՞ առաջանա։ 

– Դուք ինձնից լավ գիտեք Ձեր հարցի պատասխանը։ Իհարկե, խաթարվում է, բայց մենք արտահերթ ընտրությունների չենք գնալու։

– Ինչպե՞ս եք լուծելու խնդիրը։

– Ժամանակ չենք ունեցել իրավաբանների հետ դրա մասին քննարկում ունենալու։ Դրա մասին կզրուցենք մի փոքր ավելի ուշ։

– Իսկ Դուք ծա՞նր եք տարել Դավիթ Մինասյանի կալանավորումը։

– Այ քեզ հարց, կխնդրեմ՝ մի քանի օրից զանգեք։

Փաստորեն, անկախ այն բանից, թե չինովնիկներն ինչ կարգի ծառայություններ են մատուցում իշխանություններին, դա ամենեւին չի ապահովագրում նրանց։ ՔՊ-ի հետ գործարքի մեջ մտած անձինք էլ են կալանավորվում, երբեմն` լքում հայրենիքը։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ 2023-ի ապրիլին խմած վիճակում գիշերային ակումբում խուլիգանություն կատարած Փարաքարի գործող համայնքապետ Դավիթ Մինասյանին իրավապահները չկալանավորեցին միայն այն բանի համար, որ նա իշխանությունների դրածո համայնքապետն է։ Սակայն Դավիթ Մինասյանը վերջին շրջանում «ալիքները խառնել էր» եւ հայտնվեց կալանավայրում:

Հիշեցնենք․ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը, ով բանավոր համաձայնությամբ` ընտրվելուց 2,5 տարի անց պաշտոնը պետք է զիջեր ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանին, փոշմանել էր։ Իսկ ավագանի անցած ուժերը նման պայմանավորվածություն էին ձեռք բերել անցած տարվա հունվարին, երբ ընտրություններից հետո ոչ մի ուժ մեծամասնություն չստացավ: Երկար քննարկումներից, ծեծկռտուքներից ու բոյկոտներից հետո ամենաքիչ ձայներ հավաքած «Դավիթ Մինասյան» դաշինքը կոալիցիա կազմեց ոչ թե ընդդիմադիր «Ապրելու երկրի», այլ ՔՊ-ի հետ` խոստանալով 2,5 տարուց զիջել իշխանությունը։ Հիմա աթոռը զիջելու ժամանակը եկել էր, Դավիթ Մինասյանը հեռանալու մտադրություն չուներ, եւ իշխանությունները գործի դրեցին կալանքով եւ այլ ուժային մեթոդներով նրա «վախը բռնելու» միջոցները։ Ի վերջո, Մինասյանը զրկվեց ե՛ւ աթոռից, ե՛ւ ազատությունից։