16/07/2024

Երևան մեկնող չվերթը 1 օրից ավելի հետաձգվել էր, մարդիկ օդանավակայանում են գիշերել. ո՞րն էր պատճառը

Lufhthansa ավիաընկերության կողմից իրականացվող Ֆրանկֆուրտ-Երևան չվերթը հետաձգվել էր ավելի քան 1 օրով։ Այն պետք է վայրէջք կատարեր հունիսի 27-ին ժամը 03:40-ին, սակայն միայն այսօր գիշերն է ժամանել «Զվարթնոց» օդանավակայան:

Չվերթը հետաձգվել ու չեղարկվել էր ուժեղ քամու պատճառով։ Մեզ ահազանգած քաղաքացին նշեց, որ սկզբից ուղևորներին ուղեկցել են դեպի ինքնաթիռ, այն օդ է բարձրացել, սակայն 1-2 ժամ պտտվելուց հետո նորից իջել է Ֆրանկֆուրտի օդանավակայան։ Եվ իջնելու պահին օդանավակայանում ամենը փակ է եղել, աշխատողներն էլ արդեն տուն էին գնացել։

«Ոչ մի նորմալ պատասխան մեզ չէին տալիս, աշխատողներն էլ տուն էին գնացել, ամենը փակ էր, ո՛չ վաուչեր տվեցին, ո՛չ գումար տվեցին, ո՛չ մի բան։ Ես կոնկրետ երեխայիս հետ էի, և մեր վիզան վերջանում էր այդ օրը, մենք չգիտեինք՝ ինչ անեինք, ինչ խնդիրներ կունենանք։ Ասացին, որ մեր չվերթը կարող է տեղի ունենալ հունիսի 28-ին, իսկ մենք օդանավակայանում էինք հունիսի 26-ից: Փաստացի, 1 օրից ավելի անցկացրել ենք օդանավակայանում»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա տեղեկացրեց, որ այս գիշեր իրենց ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում, առավոտյան ժամը 5-ին, սակայն իրենց ո՛չ մի փոխհատուցում, ո՛չ մի վաուչեր այդպես էլ չփոխանցեցին: Ուղևորները պատրաստվում են դիմել փոխհատուցման համար։

ՀՀ քաղավիացիայից մեզ տեղեկացրին․ «Lufhthansa–ի չվերթը այնտեղից չեղարկվել է ու այս գիշեր՝, հունիսի 28-ին ժամը 05:06-ին վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Չեմ կարող ասել պատճառը, թե ինչու էին չեղարկել չվերթը, բայց հունիսի 26-ին բավականին շատ ինքնաթիռներ չէին կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում», Lufhthansa-ն ի սկզբանե հետաձգել էր չվերթը»։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանում չէին կարողանում վայրէջք կատարել Վիեննա-Երևան, Անթալիա-Երևան, Հռոմ-Երևան, Սոչի-Երևան, Ռիգա-Երևան չվերթների օդանավերը։ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք էր կատարել Թբիլիսիի օդանավակայանում։ Ի վերջո, բոլոր ինքնաթիռներն էլ կարողացել են բարեհաջող վայրէջք կատարել։